Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացի, ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարցին։
«Մենք պարբերաբար բարձրացնում ենք ծանր իրավիճակում գտնվող ռուսաստանցիների հարցն, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վստահեցնում եմ ձեզ, որ կոնկրետ այս թեմայի շուրջ հարցը մենք բարձրացրել ենք ադրբեջանական գործընկերների հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք, հիմնվելով իրավական նորմերի վրա, երկխոսության միջոցով հասնել արդյունավետ որոշումների մեր ադրբեջանցի կոլեգաների հետ և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան», - ասել է Լավրովը:
Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանովը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու աշխատանքային հրավերով ժամանելուց երեք օր անց:
Նրան նախ մեղադրում էին լրտեսության մեջ, ապա ութ տարվա ազատազրկման դատապարտեցին՝ թմրամիջոցների թրաֆիքինգի համար։
Ուելդանովի պաշտպաններն ու ընտանիքի անդամները մեղադրանքը չեն ընդունում և հայտարարում են, որ նրան դատապարտել են իր հայկական ծագման համար։ Ուելդանովը նրա կնոջ ազգանունն է։
Ավելի վաղ Մարատ Ուելդանով-Գալուստյանն իր քրոջ հետ հեռախոսազրույցում դիմել էր Ռուսաստանի կառավարությանն՝ օգնության համար: