Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի նոր կազմում


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։

«Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաև որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է», - ​այսօր ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ հայտարարել է Մարգարյանը՝ շարունակելով​. - «Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը»։

Ելույթում, որի տեքստը հրապարակված է ՀՅԴ պաշտոնական կայքում, Մարգարյանը նշել է, որ իր որոշումը նահանջ չէ։ «Իմ որոշումը ո՛չ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու ընդհանուր պայքարից, ո՛չ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ո՛չ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վերջ», - ասել է Մարգարյանը։

Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը անցկացվում է Արցախում և կշարունակվի մինչև հունվարի 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG