Ավետ Ասլամազյանը Հայաստանում է ապրում մի քանի տարի, այստեղ հիմնել է փոքրիկ սրճարան, որտեղ էլ աշխատում է։
«Տարբեր ամիսներին տարբեր քանակի անգամ բարձրացել է հարկը։ Կոնկրետ իմ դեպքում մինիմում երկու, մաքսիմում 5-6 անգամ բարձրացել է հարկը՝ կախված ամիսներից։ Ասել, որ դա անարդար է, դա միանշանակ չի, որովհետև նախորդ հարկը, ինչքան որ մենք վճարում էինք, մեկ-մեկ ծիծաղելի թվերի էր հասնում, իրոք, շատ ցածր էր։ Հարկը պիտի բարձրանար, դա հասկանալի է, բայց էսքան անգամ, սենց միանգամից, էդ արդեն պետք է հասկանալ», - ասաց Ավետ Ասլամազյանը։
2016-ին ընդունված Հարկային օրենսգրքով անցյալ տարվա հուլիսից Հայաստանի սրճարաններն ու ռեստորաններն արտոնագրային վճարի փոխարեն բոլորն անցել են շրջանառության հարկ վճարելուն՝ մոտ 6 տոկոս, իսկ այս տարվա հունվարի 1-ից՝ արդեն 8, իսկ 2020 թվականից էլ նախատեսվում էր հարկը հասցնել 10 տոկոսի։
«Հարկը ոչ թե մենք ենք վճարում, եկեք ճիշտ հասկանանք, բոլորս ենք վճարում, քանի որ, եթե մեր հարկերը վճարելը բերում է մեզ նրան, որ մենք էլ չենք կարողանում գոյատևել, մենք ստիպված գին ենք բարձրացնում ու արդեն հաճախորդներն են սկսում ավել վճարել։ Փաստորեն, դա ազդում է բոլորիս վրա, բայց հիմա իրավիճակ է ստեղծվել ու երևի թե ուրիշ տարբերակ չկա», - նշեց Ասլամազյանը։
Հարկի բարձրացումից հետո Ավետ Ասլամազյանը վնասները հաշվարկել է, սրճարանում գների բարձրացում դեռ չեն արել, բայց չեն բացառում այդ հնարավորությունը, երբ հարկը դառնա 10 տոկոս։
2016-ից նախատեսված հարկային այս փոփոխություններն անընդունելի էին Ռեստորանների հայկական միության համար, որը կտրուկ քայլերի դիմեց. տասնյակ ռեստորանների դռներին հայտնվեցին պաստառներ «Ո՛չ հարկային փոփոխություններին» գրությամբ։ Միությունն անգամ սպառնաց գործադուլ անել ու մեկ օրով փակել դռներն այցելուների առջև։
«Մենք կոչ էինք անում կառավարությանը՝ շոկային էքսպերիմենտների չենթարկել մի ոլորտ, որը տասնյակ հազարավոր, մեր հաշվարկներով, մոտավորապես 50 հազար հոգի զբաղված է այս ոլորտում և բազմահազարավոր տնտեսվարողներ, որն իր մեջ ներառում է նաև մեծ մասով գյուղատնտեսական ասպեկտներ, որովհետև մենք գյուղատնտեսական մթերքի սպառման մեծ աղբյուր ենք», - ընդգծեց Ռեստորանների հայկական միության համակարգող Աշոտ Բարսեղյանը։
Բարսեղյանն ասաց, որ իրենք դեմ չեն հարկեր վճարելուն, բայց սեփական եկամուտների հաշվին այլևս հնարավորություն չունեն զսպել գները սրճարաններում, ռեստորաններում ու սննդի այլ կետերում ու ստիպված պետք է գնային գները բարձրացնելու ճանապարհով։
«Գործատուների մոտ, առնվազն պատասխանատու գործատուների մոտ, որոնց մենք ամբողջությամբ ներկայացնում ենք, չկա շրջանառության թաքցնել, չկա աշխատողների թաքցնել, այլևս մենք թափանցիկ ենք աշխատում, էս պարագայում ևս մենք դառնում ենք խոցելի։ Մենք կոտրեցինք էդ կարծրատիպը, որ ոլորտում գոյանում են գերշահույթներ, չի կարա մրցակցային ոլորտում գոյանա գերշահույթ։ Սա խիստ մրցակցային շուկա է», - ասաց Աշոտ Բարսեղյանը։
Բարձրացած բողոքի ալիքից հետո շաբաթ օրը ռեստորանների սեփականատերերին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպմանը մասնակցում էին նաև ոլորտի պատասխանատու պաշտոնյաները։
«Մի շատ կարևոր հետևություն արեց վարչապետը, որ, այո՛, չի կարելի տնտեսության մի ամբողջ ոլորտ, որն իրենից ներկայացնում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և մեծ ազդեցություն տուրիզմի և գյուղատնտեսության վրա, չի կարելի այդ ոլորտը ենթարկել տուրբուլենտ իրավիճակի։ Անորոշության մեջ չի կարելի թողնել, որովհետև մենք չենք հասկանում մոտակա 5 տարին ո՞նց պլանավորենք, ներդրողներին ի՞նչ խոսք տանք, ի՞նչ գումարի և գնի խոսք տանք», - նշեց Բարսեղյանը։
Հանդիպման մասնակիցների խոսքով՝ վարչապետի, ֆինանսների նախարարի և ռեստորանների սեփականատերերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջանառության հարկն իջեցնել մինչև 6 տոկոս, այդ շեմն ամրագրել։
Աշոտ Բարսեղյանը հույս ունի, որ կառավարության հետ կկարողանան պայմանավորվել ժամկետների շուրջ, թե որքան ժամանակ այս հարկն այլևս չի բարձրացվի, և իրենց ոլորտը կդառնա կանխատեսելի։
«Դրա համար ենք մենք ասում՝ հինգ տարի: Հինգ տարին օդից վերցրած թիվ չի, դա մեր կողմից հիմնավորված թիվ է, բայց պետությունն ունի իր տրամաբանությունը, և պետության տրամաբանության մեջ շատ հնարավոր է հինգ տարին չտեղավորվի։ Մենք կգանք ինչ-որ ժամանակային լուծման, որը ձեռնտու կլինի թե՛ պետությանը, թե՛ ոլորտին», - ընդգծեց Բարսեղյանը։