Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին կալանավորել պահանջողները խոստանում են այլևս փողոցներ չփակել


Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով Էջմիածին-Երևան տանող ճանապարհը փակած ակտիվիստներից Ջիվան Ասատրյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ դադարեցնում են փողոցներ փակելու միջոցով բողոքի ակցիաները:

Ցուցարարները որոշել են հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին, ով այսօր իր ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ էր արել փողոց փակելով կաթվածահար չանել հանրապետության որոշ հատվածների կյանքը․ - «Որոշ այսպես ասած նախկին կլանային ուժեր փորձում են էս պրոցեսը օգտագործել՝ բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փակում․․․ Դուք չեք փակելու, որովհետև դրա լիազորությունը չունեք, դուք ժողովրդից չեք ստացել էդ լիազորությունը: Որովհետև ժողովուրդը իր իշխանությանը ընտրել է, և էդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, ես կարող եմ հասկանալ, որ առնվազն ինչ-որ հարցի նկատմամբ ուշադրություն են ուզում հրավիրել: Եթե ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ: Որովհետև եթե իրանք իշխանություն են, այո, իշխանություն են նաև էն մարդիկ, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և էդ հնարավորությունից չեն կարողանում օգտվել»:

Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջ ներկայացրած ցուցարարը նշում է, որ փողոց փակելու միջոցով ակցիանները դադարեցնելու որոշման պատճառը նաև այն է, որ վարչապետի մոտ թյուր տպավորություն է ստեղծվել, թե ցուցարարները ուղղորդվում են Էջմիածնում գործող այլ կլանների կողմից: Նա հերքում է դա՝ նշելով, որ նույնիսկ չեն ճանաչում Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին, ով, ըստ մամուլի հրապարակումների, վաղեմի թշնամություն ունի Մանվել Գրիգորյանի հետ:

«Այստեղ ոչ մի կլան չկա: Բոլորիս անցած ուղին էլ պարզ և բացահայտ ա: Կարող են բոլորը նայել ու տեսնել, թե ովքեր են հանրահավաքում կանգնած: Իսկ եթե կան ոմանք, ովքեր կլանային նախկին ռեժիմներից են, դրա համար մենք պատասխանատվություն չենք կրում, մենք ինքներս էլ ենք դրա համար մտահոգ: Բայց այդ ամենը կապ չունի մեծամասնության հետ», - ասաց Ջիվան Ասատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ դատավորի հրահանգել, թե ինչ վճիռ պետք է կայացնի: Վարչապետը միևնույն ժամանակ չի բացառել, որ եթե ինքը չի զանգահարում դատավորներին, ապա նման զանգեր չեն լինում մյուս կողմերից:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ բացառում է, թե իր պաշտպանյալը կարող էր որևէ կերպ ազդեցություն ունենալ խափանման միջոց կալանքը փոխելու որոշման վրա:

«Մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ որոշ քաղաքական կամ ոչ քաղաքական ուժեր ամեն ինչ փորձում են անել, որպեսզի գնա փողոցի արդարադատություն: Դա ուղղակի անթույլատրելի է», - հավելեց Բաղդասարյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ Փաշինյանի այսօրվա ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այսօրվա դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն՝ չնայած երկրում տեղի ունեցած հեղափոխությանը․ - «Այն, որ դատական իշխանությունը ձևավորվել է ոչ թե օրենքի դրույթների բովանդակային կիրառմամբ, այլ հենց որոշակի պայմանավորվածությունների հիման վրա, դա փաստ է: Նոր իշխանությունը, բնականաբար, այդ նույն գործիքներով չի կարող ղեկավարվել: Բայց էդ գործիքներին տիրապետողները մնում են, իշխանություն չունեն, բայց էդ գործիքների բովանդակային առումով՝ տեղեկատվություն, դոսյեներ և այլն, դրանք ինչքանո՞վ են իրենց ուժը կորցրել կամ ինչքանո՞վ են իրենց ազդեցությունը կորցրել, դժվար է ասել»:

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը տեղի կունենա այս հինգշաբթի։

Ինչպես տեղեկացրեց փաստաբանը, Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ և նա գտնվում է էջմիածնի հարակից տարածքում գտնվող իր ամառանոցում:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG