Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ այդ երկրի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Երեկ Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել: Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ բեռնատար Boeing 707 ինքնաթիռը կործանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Ֆաթհ օդանավակայանում, երբ օդանավի անձնակազմը վայրէջքի ընթացքում սխալ թռիչքուղի է ընտրել և հարվածել հարակից շինություններին: