Մատչելիության հղումներ

Երիտասարդությունը առավելություն է, անփորձությունը՝ ժամանակավոր․ նորընտիր պատգամավորներ


Նորընտիր պատգամավորներին սոցիալական ցանցերից Ազգային ժողով ճանապարհեցին ծաղրանկարներով ու հեգնական գրառումներով:

Ֆեյսբուքյան օգտատերերի հեգնանքի ու հումորի թիրախում մասնավորապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անփորձ ու երիտասարդ պատգամավորներն էին: Իսկ 88 մանդատ ունեցող խմբակցությունում նրանք մեծամասնություն են: Երիտասարդությունը առավելություն է, անփորձությունը խիստ ժամանակավոր, ծաղրողներին հակադարձում են նորընտիրները:

«Ինչպե՞ս են մարդիկ սովորաբար մոտենում ծաղրանկարներին: Ծաղրում են։ բավականին հետաքրքիր լուծում էր, բավականին ծիծաղալու էր, բոլորի հետ միասին զվարճացել եմ և մի քանի իմ պես երիտասարդ պատգամավորներ իրենց ֆեյսբուքյան պատերին էլ էին դրել։ Դա այն է, ինչ կա: Այն իմաստով, որ, այո, երիտասարդ ենք, ես դա որպես բացասական կողմ չեմ ընդունում», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Սոնա Ղազարյանը իշխանական խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորն է։ 25 տարեկան է: Սա պատգամավոր դառնալու համար օրենքով սահմանված նվազագույն շեմն է: Ծաղրանկարներից չի նեղացել, իրեն էլ անփորձ չի համարում: Քաղաքական ակտիվությունը սկսկել է 2015-ից սահմանադրական փոփոխությունների դեմ փողոցային պայքարից։

«Գաղափարական շարժում էր դա, այսինքն մենք մոբիլիզացրել էինք հասարակությունը հասարակության հենց մի գաղափարի շուրջ։ Սա շատ կարևոր գործընթաց էր ըստ իս, որովհետև չէր սահմանափակվում փողոց փակելով կամ ուղղակի ակցիա անելով: Մենք պատրաստում էինք շատ տարատեսակ նյութեր, կլոր սեղանի քննարկումներ էինք կազմակերպում և շատ լուրջ աշխատանք էինք գիտական կազմակերպում», - նշեց Ազգային ժողովի պատգամավորը։

Իրավաբանության ոլորտից ոչ հարուստ փորձով Ազգային ժողով է եկել Սուրեն Գրիգորյանը: Մինչև այդ փաստաբանական գիտելիքներով է օգտակար եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վստահեցնում է՝ պատգամավորի առաջարկն ընդունելուց առաջ փոքր-ինչ երկմտել է:

«Քաղաքականություն մտնելու հարցը շատ լուրջ հարց է, մանր կենցաղային հարց չի, որպեսզի չերկմտես: Բնականաբար, մտածել եմ դրա մասին, առավել ևս, որ փաստաբանական գործունեությամբ էի զբաղվում, որը շատ սիրում էի», - ասաց Սուրեն Գրիգորյանը։

Մարիա Կարապետյանը մասնագիտությամբ կոնֆլիկտաբան է: Անկախ Հայաստանի ամենաերիտասարդ խորհրդարանի նկատմամբ հանրության վերաբերմունքը նորմալ է համարում, բայց վստահ է՝ մեկ ամսից կարծիքը փոխելու են․ - «Համոզված եմ, որ մի ամսից կդադարեն այդ խոսակցությունները Ազգային ժողովի ձևավորվող պատգամավորների երիասարդության և անփորձության վերաբերյալ։ Գործով է հարկավոր դա ապացուցել, ընդամենը մի փոքր համբերություն է հարկավոր»։

Անփորձ և երիտասարդ պատգամավորների պակաս չկա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում: Անի Սամսոնյանին շատերը հիշում են Երևանի ավագանուց: Նա «Ելք» խմբակցության, ապա «Լույս»-ի անդամ է եղել: Խոստանում է խորհրդարանում էլ է ակտիվ լինել:

Սարգիս Ալեքսանյանը նույնպես «Լուսավոր Հայաստանի» նոր պատգամավորներից է: Իշխանության գործունեության հետ կապված որոշ մտահոգություններ ունի:

Առայժմ մեկի մասին է բարձրաձայնում․ - «Ասենք, նախատրամադրվածությունը մեր Ազգային ժողովի փոխնախագահի առաջադրման որպես Մանե Թանդիլյանի իրենց նախատրամադրվածությանը մի քիչ մտահոգիչ է»։

«Բարգավաճ Հայաստան»-ից առաջին անգամ է խորհրդարարանում Արման Աբովյանը: Մինչև պատգամավոր դառնալը մի քանի ամիս Երևանի ավագանիում է աշխատել: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը երկխոսության կողմնակից է, ոչ թե ընդդիմանալու․ - «Սենց ասեմ՝ ոչ թե դեմ, ոչ թե քննադատել, այլ երկխոսություն։ Շատ բան միայն մեզանից կախված չէ, որովհետև մեր տրամադրությունները միայն և միայն կառուցողական են»։

7-րդ գումարման Ազգային ժողովից քաղաքական գործունեությունը կսկսի նաև հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Ասում է՝ սպորտային ոլորտում օգտակար լինելու համար իրեն նաև պատգամավորի լծակ է անհրաժեշտ․ - «Չեմ պատրաստվում ջարդած շերեփի կարգավիճակում լինել, անընդհատ ինչ-որ հարցերով միջամտել, բայց էն, ինչ-որ իմ հետաքրքրություններն են, էն, ինչ-որ ես եմ շահագրգռված քննարկումներ ծավալելու անպայման կտեսնեք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG