Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքի հետ պայմանավորվածություն ունի, որ ստեղծվելիք 11 խորհրդարանական մշտական հանձնաժողովներից երկուսի՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարությունը տրվելու է ԲՀԿ-ին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ը Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Նաիրա Զոհրաբյանին, իսկ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Միքայել Մելքումյանին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ «Ազատություն» հետ զրույցում նշեց, որ իրենք ևս պայմանավորվածություն ունեն «Իմ քայլի» հետ, և եթե այդ պայմանավորվածությունը գործի, ապա իրենք կվերցնեն Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը, ու այն կղեկավարի Մանե Թանդիլյանը։
7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» դաշինքը առաջարկում է ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից երեքը լինելու են ընդդիմադիր խմբակցություններինը: