Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր չհասցրեց քննել «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Փոխարենը դատարանը որոշեց մերժել Քոչարյանի փաստաբանների՝ դատավոր Արթուր Մկրտչյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց․ - «Դատարանը պատճառաբանեց, որ Արամ Օրբելյանի հետ իրա կապերը էնքան չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա: Մենք մեր մասով էդ միջնորդությունը արեցինք, դատախազները առարկեցին: Հիմա եթե վաղը, ենթադրենք, դատարանը կայացրեց որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, որպեսզի դատախազները վաղը չշահարկեն պարոն Օրբելյանի և դատավորի էս հարաբերությունները: Մենք մեր մասով բացահայտեցինք էդ հարաբերությունների բովանդակությունը: Դատախազները գտան, որ էդտեղ ոչ մի խնդիր չկա, դատավորի անաչառության վրա դա չի ազդում: Դատավորն էլ գտավ, որ իր անաչառության վրա դա չի ազդում»:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքնաբացարկի պատճառն իր ու դատավոր Արթուր Մկրտչյանի ընտանիքի հետ ունեցած կապերն են:

Այսօրվա դատական նիստը Քոչարյանի խափանման միջոցին էր վերաբերում։ Մի կողմից «Մարտի 1-ի» գործը քննող հատուկ քննչական ծառայությունն է դիմել դատարան՝ խնդրելով ևս երկու ամսով երկարացնել մեղադրյալ Քոչարյանի կալանքը: Մյուս կողմից, Քոչարյանի փաստաբաններն են դիմել դատարան՝ խնդրելով գրավով ազատ արձակել երկրորդ նախագահին։

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանն ասաց, որ առարկելու է Քոչարյանին ազատ արձակվելու դեմ․ - «Առարկում եմ: Նիստի ընթացքում քննարկումները կգնան, ամեն մեկը իր դիրքորոշումները կհայտնի»:

Դատական նիստը կշարունակվի վաղը։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ ենթարկվում է հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG