Դեկտեմբերի 26-ին հացադուլ հայտարարած ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը շարունակում է հրաժարվել սնունդից, նրան էլ ավելի են մեկուսացրել և էլ ավելի սաստկացրել նրա նկատմամբ ճնշումները բանտում, այսօր հայտարարել է բլոգերի եղբայրը՝ Էմին Հուսեյնովը, պնդելով, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները փորձում են ապատեղեկատվությամբ շեղել միջազգային հանրության ուշադրությունը, մասնավորապես հայտարարելով, թե Հուսեյնովի դեմ նոր քրեական գործ չկա:
Բանտարկված բլոգերի եղբայրը պնդում է՝ Մեհմանը, ով հացադուլ է սկսել ի նշան բողոքի, հոկտեմբերի 28-ից մեղադրվում է քրեական նոր գործով, և եթե փաստարկում՝ եթե չկա նոր քրեական գործ, ապա ինչո՞ւ է նա բանտից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։
2017 թվականին զրպարտության մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր բլոգերի դեմ նոր քրեական գործ է հարուցվել ոստիկանին ծեծելու հոդվածով: Եթե չլիներ նոր մեղադրանքը, ապա առաջիկա գարնանը Հուսեյնովը ազատ կարձակվեր: Սակայն նոր քրեական գործով նրան ևս 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:
Մեհման Հուսեյնովի դեմ թե՛ առաջին, և թե՛ երկրորդ քրեական գործերը իրավապաշտպանները շինծու են համարում՝ պնդելով, որ իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում Հուսեյնովից, ով հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքի մասին իր բացահայտումներով: Տարիներ առաջ նա շրջում էր Բաքվի բարեկեցիկ թաղամասերում, պատմում տեղի բնակիչների մասին, ովքեր զարմանալի զուգադիպությամբ բարձրաստիճան պաշռտոնյաներ են: Երբեմն նրան հաջողվում էր սողոսկել այդ շքեղ պալատներից ներս և ցույց տալ ադրբեջանցի պաշտոնյաների շքեղ ունեցվածքը:
26-ամյա բլոգերին ազատ արձակելու՝ միջազգային հանրության հորդորները և Ալիևի վարչակազմին ուղղված կոշտ քննադատությունը արդյունք չեն տվել: Հերթական անգամ արևմտյան պետությունների և իրավապաշտպան կառույցների քննադատության թիրախում հայտնված պաշտոնական Բաքուն ի պատասխան միայն հայտարարել է, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչն ուսումնասիրում են պատկան մարմինները:
Մինչ «թյուրիմացությունը», որի մասին իշխանթյունները այլ մանրամասներ չեն հայտնել, ուսումնասիրվում է, Մեհման Հուսեյնովից բացի ադրբեջանական բանտերում գտնվող ևս 9 ընդդիմադիր ակտիվիստներ հացադուլ են հայտարարել: Քաղբանտարկյալներ Իլքին Ռուստամզադեն, Բայրամ Մամեդովը, Ախսան Նուրուզադեն և Էլչին Իսմաիլը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ այդ ծայրահեղ քայլով պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
«Այսօրվանից հացադուլ ենք սկսում և համոզված ենք, որ մյուս քաղբանտարկյալներն էլ կմիանան մեզ: Եթե մատաղացու գառների պես նստենք և սպասենք, ապա վաղը մեզնից յուրաքանչոյուրի բարձի տակ «կհայտնաբերեն» թմրանյութ, զենք, կամ մեզ կմեղադրեն «ինչ֊որ մեկին ծեծելու մեջ», ֊ հայտարարել են նրանք:
«Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի» ղեկավար Օգտայ Գյուլըլաևը այսօր հայտնել է, որ հացադուլով պայմանավոված ադրբեջանական բանտերում իրավիճակը լարված է, քաղբանտարկյալների նկատմամբ մեծ ճնշում կա: Իշխանությունները, սակայն, հերքում թե՛ ճնշման, թե՛ առհասարակ բանտերում հացադուլի մասին պնդումները:
«Պատժի կրման վայրերում հացադուլի որևէ դեպք չկա», ֊ այսօր հայտարարել է Քրեակատարողական ծառայության խոսնակ Մեհման Սադիոգովը:
Ի դեպ՝ ի պաշտպանություն Հույսեյնովի «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում շարունակվում է մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների հացադուլը ևս:
«Այս ռեժիմը պետք է ի վերջո հասկանա, որ չեն կարող բոլորը զոմբի լինել», ֊ հայտարարել է հացադուլին միացած ընդդիմադիր ակտիվիստ Ֆուադ Ռախիմլին։
Մեհման Հուսեյնովի հացադուլի շուրջ վերջին զարգացումները բավական բուռն արձագանքի են արժանացել թե՛ Բաքվի ընդդիմադիր շրջանակներում, և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում: Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքը չեղարկելու կոչով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչը, իսկ հունվարի 17֊ին Եվրախորհրդարանը պլանավորում է այդ հարցով բանաձև ընդունել։
Հուսեյնովը ադրբեջանական բանտում գտնվող միակ լրագրողը չէ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ «2014 թվականից ի վեր Իլհամ Ալիևը պատերազմում է ընդդիմախոսների հետ՝ շանտաժի ենթարկելով, ծեծելով, վիրավորելով, գնելով փորձում լռեցնել նրանց, իսկ եթե այդ մեթոդները արդյունք չեն տալիս, բանտարկում է»: Կազմակերպությունը թվարկում է մի շարք անկախ լրատվամիջոցներ ու լրագրողների անուններ, որոնք այդ ճակատագրին են արժանացել՝ Խադիջա Իսմայիլովա, դեռևս ճաղերի ետևում գտնվող Աֆղան Մուխթարլի, Արազ Գուլիև, Սեյմուր Խազի, Զիյա Ասադլի, Ազիզ Օրուջև: