Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռագրում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության էական փորձ են կուտակել:
«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:
Փաշինյանի նշանակմանը անդրադարձել են նաև միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ:
«Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակեց վարչապետ՝ անցած տարեվերջին երկրում տեղի ունեցած պատմական ընտրություններից հետո», - փոխանցում է «Ֆրանսպրես»-ը: Հաղորդագրությունը փաստում է, որ միջազգային դիտորդները ժողովրդավարական են գնահատել դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, արդյունքում նորընտիր Ազգային ժողով են անցել միայն այն ուժերը, որոնք աջակցել են Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքն էլ ստացել է ձայների 70 տոկոսից ավելին:
Մանրամասներ ներկայացնելով Փաշինյանի մասին՝ «Ֆրանսպրես»-ը նշում է, որ 43-ամյա վարչապետը նախկինում եղել է լրագրող և հիմա ստանձնելով իշխանության ղեկը՝ խոստանում է շրջափակման ու թշվառության մեջ գտնվող երկրում պայքարել կոռուպցիայի և համատարած աղքատության դեմ:
Բարեփոխումների ձգտելով տանը՝ Փաշինյանը նաև հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարել իշխանության առաջին հինգ ամիսների ընթացքում, նշում է «Ֆրանսպրես»-ը, մանրամասնելով՝ նա Ռուսաստանի նախագահին վստահեցրել է, որ Հայաստանը մնալու է Մոսկվայի հավատարիմ դաշնակիցը, միաժամանակ փորձում է հմայել արևմտյան առաջնորդներին: Հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը պար էր բռնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ հայկական մեղեդիների տակ ու հագել միևնույն գուլպաները՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի պես, հիշեցնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Գերմանական DPA-ն ընդգծում է, որ Փաշինյանը իշխանության եկավ՝ առաջնորդելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված բողոքի ալիքը: Սարգսյանը, որ սպառել էր նախագահության երկու ժամկետները՝ մոտ մեկ տասնամյակ մնալով իշխանության ղեկին, վարչապետի պաշտոնում անցկացրեց ընդամենը մեկ շաբաթ, ինչից հետո հրաժարական ներկայացրեց՝ լայնածավալ ցույցերի ֆոնին, գրում է DPA-ն, ընդգծելով՝ Փաշինյանին նշանակելով վարչապետ՝ նախագահն ընդգծել է, որ նոր կառավարությունը պետք է նպաստի հզոր և զարգացած Հայաստանի ձևավորմանը: