Արարատ Միրզոյանն ընտրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 132 պատգամավորից Միրզոյանի օգտին քվեարկեց 131-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։
Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտարարելով, որ կողմ են քվեարկելու Միրզոյանի թեկնածությանը, ասաց՝ «սա, ըստ էության, կրեդիտ է»։
«Պարոն Միրզոյան, սա նաև ըստ էության կրեդիտ է, որը դեռևս պետք է որպես ԱԺ նախագահ վաստակել։ Այն, ինչ որ մենք ունենք, մենք գիտենք, բայց մենք Ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ, և մենք չգիտենք, թե Դուք ինչպիսի ԱԺ նախագահ եք լինելու։ Մենք սա կրեդիտ ենք տալիս, որ Դուք ժամանակի ընթացքում այն, ինչի մասին մենք խոսեցինք այստեղ, Դուք քայլ առ քայլ ցույց տաք, որ Դուք բոլորի ԱԺ նախագահն եք, Դուք շենքում եք արդարություն ապահովում, Դուք դրսում եք Ազգային ժողովի դերը բարձր պահում և ամեն ինչ անում եք նաև մեր աջակցությամբ, որ խորհրդարանը դուրս գա գործադիր իշխանության կցորդը լինելուց», - ասաց Մարուքյանը։