«Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի «Բարգավաճ Հայաստան»-ի՝ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին, այսօր խորհրդարանում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ընտրելու ենք այն ընդդիմությանն, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է ավելի շատ մանդատ, քան մյուսին», - ասաց Մակունցը՝ շարունակելով. - «Ուզում եմ իսկապես ընդգծել, որ մեր որոշումը սկզբունքային և քաղաքական որոշում է, որը պայմանավորված չէ անձեր ընտրելով, անձնական վերաբերմուքնով, այլ ընդամենը սկզբունքային դիրքորոշում է»։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության երկու փոխնախագահների թեկնածուներն են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, ԲՀԿ-ի թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, ԼՀԿ-ինը՝ Մանե Թանդիլյանը։
«Ընտրել ենք սկզբունք և առաջնորդվում ենք այդ սկզբունքով». Լենա Նազարյան
«Ես կարծում եմ, որ մենք Կանոնակարգով պիտի հստակ ձևակերպենք, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը», - այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
«Մեր տրամաբանությունը այն է, որ այս հարցի պատասխանը արդեն իսկ տվել են ընտրողներն իրենց քվեարկությամբ։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության տեղին հավակնող ուժերը ասում էին, որ այս ընտրություննեը ավելի շատ ընդդիմության ընտրություն է, քան իշխանության, և քաղաքական ուժերը պայքարում էին ընդդիմության համար։ Հիմա ժողովուրդը որոշել է, սահմանել է, որ այս ընդդիմությունն ունի այսքան կշիռ, մյուս ընդդիմությունն ունի այնքան և, ըստ էության, մեզ ոչինչ չի մնում, քան հետևել այդ որոշմանը», - ընդգծեց Նազարյանը:
Նա վստահեցրեց, որ այս ընտրությունը անձերով պայմանավորված չէ. - «Ո՛չ անձերով է պայմանավորված, ո՛չ մեր նախընտրություններով։ Մենք կարծում ենք, որ դա է տրամաբանությանը»։
«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ չթողնել ազատ քվեարկություն, և ազատ մրցակցության պայմաններում պատգամավորները ազատ արտահայտեն իրենց դիրքորոշումը, հատկապես որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ չէին թաքցրել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Մանե Թանդիլյանին, Նազարյանը պատասխանեց. - «Անձնապես ես էլ իմ ձայնը կտայի Մանե Թանդիլյանին, բայց մեզ համար մենք ընտրել ենք սկզբունք և առաջնորդվում ենք այդ սկզբունքով»։