«Գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է», - այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստ է նոր մարտահրավերների հաղթահարմանը։
«Ձեր համաձայնության դեպքում ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությանը հարիր խորհրդարանի կայացմանը և Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում նոր խորհրդարանական ավանդույթների և նոր մշակույթի ձևավորմանը նպաստս բերելուն», - ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Ազգային ժողովի գործունեությանը՝ Միրզոյանը նշեց. - «Օրենսդրական օրակարգի մասին. իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70 տոկոսի վստահության քվեն, տրամաբականական է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ մշակվելիք օրենսդրական փաթեթները։ Ես անելու եմ ուժերիս ներածը՝ կառավարության ծրագրի և դրա իրագործման շուրջ խորհրդարանական առավելագույն և ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է իր ջանքն ու աշխատանքը բերել մեր երազանքների Հայաստանի կերտմանը»։
Ըստ Միրզոյանի, խորհրդարանը պետք է դառնա ավելի նախաձեռնող՝ հրաժարվելով արձագանքողի տարիներ ի վեր ունեցած իր դերից։
«Այո՛, ողջ աշխարհում օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասի հեղինակը կառավարություններն են, բայց մեր պարագայում այս համամասնությունը չափազանց անհավասար է, և սա շտկելու ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել», - ասաց ԱԺ նախագահի թեկնածուն։
Այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստ է գումարել, որի ընթացքում փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի խորհրդարանի խոսնակը։ Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը։