Մատչելիության հղումներ

Անկախ ստեղծվելիք ԱԺ հանձնաժողովների թվից, ԲՀԿ-ն կունենա երկու, ԼՀԿ-ն՝ մեկ հանձնաժողով նախագահելու իրավունք


Նոր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» կարծում են, որ խորհրդարանում պետք է ստեղծվի նոր՝ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով։

«ԵՏՄ-ի հետ հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության հարթակը դատարկ է», - կարծում է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: - «Քանի որ իշխանությունը չունի որևէ միտում դուրս գալու ԵԱՏՄ-ից, և պետք է փորձել օգտագործել այդ անդամակցությունը և հնարավորությունը, մենք գտնում ենք, որ պրոբլեմները, որի մասին մենք խոսել ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու լսումների ժամանակ, և այն պրոբլեմները, որոնք այսօր էլ են ամենօրյա ռեժիմով ավելանում, այդ խնդիրները լուծելու համար չպետք է մենք դա թողնենք միայն կառավարության մակարդակում շփումների վրա»:

ԲՀԿ-ում կարծում են, թե նոր հանձնաժողովովը ոչ միայն Եվրասիական տնտեսական միության հարցերի վրա պետք է կենտրոնանա, այլև՝ տարածաշրջանային:

Պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է անվանումը՝ Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով․ - «Մենք խնդիրներ ունենք կապված ԵԱՏՄ շրջանակներում․․․ տեսանք Ղազախստանի դեպքերը վերջերս, 600 հազար աշխատանքային միգրանտ ամեն տարի գնում է Ռուսաստան, գալիս է, խոսում ենք Իրան -Հայաստան երկաթուղու, բարձրավոլտ էներգետիկ համակարգի, գազի մատակարարման խնդրի․․․ Էս բոլորը տենց չի, որ միայն զուտ լոկալ խնդիրներ են, արտաքին մարտահրավերներ են: Անհրաժեշտ է, որպեսզի գործեն նաև խորհրդարանական ինստիտուտները»:

Թե՛ ԼՀԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում կարծում են, թե առաջարկն «Իմ քայլը» կընդունի:

Միքայել Մելքումյանը չթաքցրեց, որ քննարկումներ իշխանության հետ եղել, դրական ազդակներ են ստացել:

Հանձնաժողովների ստեղծման հարցը առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկող Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգային հարցերից մեկն է լինելու: Ներկայացվում է Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով և՛ հանձնաժողովների անվանումները, և՛ թվաքանակն է սահմանվելու:

Ենթադրվում է, որ նախագիծը կներկայացնի հենց իշխանական «Իմ քայլը»: ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախագիծ դեռ չկա։

6-րդ գումարման խորհրդարանում կար 9 մշտական հանձնաժողով, Սահմանադրությամբ դրանց թիվը չի կարող լինել 12-ից ավելի:

«Իմ քայլից» չեն բացառում, որ հնարավոր է առաջարկեն 1-2-ով ավելացնել հանձնաժողովների թիվը:

Ազգային ժողովի նախագահի իշխանության թեկնածու Արարատ Միրզոյանն «Ազատության» հետ զրույցում երեկ հնարավոր համարեց Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բաժանումը։

Մարդու իրավունքների առանձին հանձնաժողովը միացվեց պետաիրավականին անցած գումարման խորհրդարանում՝ Հանրապետականի առաջարկով: Հենց այդ որոշման արդյունքում «Ելքը» զրկվեց հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից:

«Քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում, և եթե ընդդիմությունը կարծի, որ իրենց էդպիսի հանձնաժողով պետք է․․․ որովհետև էս կոնսուլտացիաների ընթացքում ես նաև լսել եմ որոշ ուժերի կողմից հակառակ կարծիքը՝ հրաժարվել են ունենալ մարդու իրավունքների հանձնաժողով, և եթե ստացվի, որ ընդդիմությանը այդ հանձնաժողովը պետք է, ապա, կարծում եմ, պիտի գնանք դրա ստեղծման ճանապարհով», - ասաց Միրզոյանը:

Թե՛ 9-ի, թե՛ 11 հանձնաժողովի դեպքում, փոխանցեցին ԱԺ-ի աշխատակազմից, ԲՀԿ-ն կունենա երկու, «Լուսավոր Հայաստանը»՝ մեկ հանձնաժողով նախագահելու իրավունք:

Սահմանադրությամբ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են յուրաքանչյուրի պատգամավորների թվի համամասնությամբ: Ամենամեծ խմբակցությունը կունենա իշխանական «Իմ քայլը»: Մեծությամբ երկրորդը «Բարգավաճ Հայաստանն» է, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը»:

Հանձնաժողովների նախագահների ընտրությունները տեղի կունենան, երբ կորոշվեն դրանց քանակն ու անվանումները:

Որոշ հանձնաժողովների դեպքում հայտնի են իշխանական «Իմ քայլի» նախագահների թեկնածուները: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր խորհրդարանական մեծամասնությունը տեսնում է Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին, Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարած Վլադիմիր Վարդանյանին, Կրթության հարցերի հանձնաժողովում՝ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ վարչապետի նախկին խորհրդական Վարազդատ Կարապետյանին: Առողջապահության հանձնաժողովը մտադիր են վստահել մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Ռուբինյանը:

Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցած «Իմ քայլից» Լենա Նազարյանը ասաց, որ եթե անգամ ոոշեն ավելացվել հանձնաժողովների թիվը, մտադիր են պահպանել Եվրաինտեգրման հանձնաժողովը։ Նախորդ խորհրդարանում այդ հանձնաժողովը ղեկավարում էր ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Թե ում որ հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում են պատրաստվում առաջադրել, ԲՀԿ-ից դեռ չեն բացահայտում:

«Ազատության» հարցին, թե հնարավոր է, որ ինքը ղեկավարի Եվրոպական և տարածաշրջանային հանձնաժողովը՝ եթե այդպիսին ստեղծվի, Միքայել Մելքումյանը պատասխանեց․ - «Դա կուսակցությունը կորոշի»:

Էդմոն Մարուքյանի խոսքով, «Լուսավոր Հայաստանը» նախապատվություններ ունի․ - «Պարզ չի, թե իշխանությունը և ԲՀԿ-ին ինչ հանձնաժողովներ են վերցնելու: Եթե ընտրության ժամանակ ազատ լինի պետաիրավականը, արտաքինը, ֆինանսաբյուջետայինը կամ տնտեսականը, մենք կվերցնենք դրանցից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG