Մատչելիության հղումներ

Միլովե. «Ժողովուրդների բարեկամության» վախճանը


Ուկրաինա - «Անուշ» սրճարանը Միլովեում
Ուկրաինա - «Անուշ» սրճարանը Միլովեում

Չորս ամիս առաջ Ուկրաինայում՝ ռուսամետ Լուգանսկի շրջանում, ռուս սահմանապահները Միլովե քաղաքի գլխավոր փողոցը ցանկապատով բաժանել են երկու մասի: Փողոցի ուղիղ մեջտեղով անցնող սահմանի մի կողմում Ռուսաստանն է, մյուսում՝ Ուկրաինան:

Ճակատագրի հեգնանքով, այդ փողոցը դեռ խորհրդային տարիներից կոչվում է «Ժողովուրդների բարեկամության»: Միայն թե «նոր բեռլինյան պատի» առաջացման շնորհիվ հիմա տեղի բնակիչները իրենց մաշկի վրա են զգում՝ որտեղ են հատվում ազգերի բարեկամության եզրերը:

Ռուսական երկաթուղային կայարանը ուկրաինական կողմի «Ժողովուրդների բարեկամության» փողոցից
Ռուսական երկաթուղային կայարանը ուկրաինական կողմի «Ժողովուրդների բարեկամության» փողոցից

Հայկական սրճարանը ռուս-ուկրաինական սահմանին

«Ժողովուրդների բարեկամության» փողոցի հենց մեջտեղում հայազգի Արտակի սրճարանն է՝ «Անուշ»-ը: Ռուս-ուկրաինական հակամարտության խաչմերուկում հայտնված սրճարանը ևս փաստացի երկու մասի է բաժանվել, եթե ցանկապատը շարունակվեր սրճարանի ներսում, խոհանոցը կլիներ ռուսական կողմում:

Երբեմնի աշխույժ սրճարանում հիմա միայն հեռուստացույցի ձայնն է լսվում, Վալերի Մելաձեի երգն ու սեփականատերերի դժգոհությունը՝ բիզնեսը մեռնում է օր-օրի: Վերականգնման հույս էլ չկա, ասում է Արտակը, ով այսօր էլ մեն-մենակ է սրճարանում: Մարդիկ հիմնականում գալիս են այստեղ սանհանգույցից օգտվելու համար, քանի որ քաղաքի մոտակա հանրային սանհանգույցը արդեն գտնվում է ռուսական կողմում:

«Սուրճ, թեյ այլևս չկա, սննդից՝ միայն նախորդ տարվա ապուր կա», - անկեղծանում է Արտակը: «Նախկինում շատ հաճախորդներ կային և մի քանի աշխատողներ, իսկ հիմա՝ դուք (լրագրողները) առաջին մարդիկ եք, ովքեր մտան այստեղ»,- ասում է նա:

Սրճարանի սեփականատեր
please wait

No media source currently available

0:00 0:00:24 0:00

Հակառակ կողմի կամուրջը

Պաշտոնապես չընդունված, բայց՝ փաստացի գոյություն ունեցող սահմանի անցակետն անցնում է երկաթբետոնե կամրջով: Տասնյակ աստիճանների ներքևում՝ փոքր տնակը ուկրաինացի սահմանապահների համար է, կամրջի վրայինը՝ ռուս սահմանապահների: Իգորը քիչ առաջ է անցել կամրջով, ասում է՝ ուկրաինացիները կարող են Ռուսաստան մտնել ներքին անձնագրերով, մինչդեռ ռուսները ուկրաինական կողմ գնալու համար պետք է միջազգային անձնագիր ունենան:

«Տեսնու՞մ եք այն տղային, նա արդեն Ռուսաստանում է», - ցույց տալով փողոցի հակառակ կողմը՝ ասում է Ելենան: Խոստովանում է, որ կատակում էր, բայց փաստը մնում է փաստ՝ հենց այդպես է, որ կա:

«Ժամանակին միմյանց հյուր էինք գնում, ընկերներ էինք, շատերն էլ այնտեղ աշխատանք ունեին: Իսկ հիմա այդ ամենն անցյալում է», - ասում է Ելենան, խոստովանելով, որ սահմանն ազդել է ոչ միայն բարեկամության, այլև մարդկանց տնտեսական վիճակի վրա: Ասում է, որ գրեթե բոլոր ձեռնարկատերերը, այդ թվում՝ ինքը, վատ ժամանակներ են ապրում, այդ իսկ պատճառով տեղացիներից շատերն են դեմ ռուս սահմանապահների գծած սահմանին:

Տեղի ուկրաինացիները և ռուսները այնքան կապված են միմյանց, որ միանգամից դժվար է հասկանալ՝ որտեղ է սահմանը: Միահյուսված են ոչ միայն մարդկանց ընկերական և բարի պատմությունները, այլև՝ ջրամատակարարման, էլեկտրականության ու կոյուղիների ցանցերը:

Բնակիչները անցնում են ռուսական կողմից դեպի ուկրաինական կողմ՝ տեղացիների համար նախատեսված անցակետով
Բնակիչները անցնում են ռուսական կողմից դեպի ուկրաինական կողմ՝ տեղացիների համար նախատեսված անցակետով

Ուկրաինայից՝ Ուկրաինա

Միլովե Լուգանսկի շրջանից շատերն են գալիս՝ նպաստների և այլ փաստաթղթերի համար: Ուկրաինայից Ուկրաինա հասնելու համար այս մարդիկ ստիպված են Լուգանսկից գնալ Ռոստով, այնտեղից էլ՝ մտնել Միլովե: Թեև օրենք են խախտում, բայց արդարանում են՝ այդ ճանապարհը օրինականից ավելի արագ է և էժան:

Երեկոյան արդեն, երբ Միլովեն պարուրվում է լռությամբ, «Ժողովուրդների բարեկամության» փողոցի նոր ցանկապատը հատում են միայն համարձակները՝ թափառող կատուներն ու շները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG