Երեկ «Հայկական ժամանակ»-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիական մեքենաները շրջափակում զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի խումբ տղամարդիկ ներխուժում են ավտոբուս, հայհոյանքներ հնչեցնում, ինչը հրմշտոցի պատճառ է դառնում: Նրանցից մեկը՝ ձերբակալված 40-ամյա Գոռ Հակոբյանն էլ ոտքով հարվածում էր ավտոբուսի դռանը:
Դեպքի առթիվ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, այս հոդվածն ինչպես դրամական տույժ է սահմանում, այնպես էլ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի: Դեպքի հաջորդ օրը ինքնակամ ռազմական ոստիականություն ներկայացած Գոռ Հակոբյանն ասել է, որ պահի ազդեցության տակ է հարվածել աբտոբուսի դռանը, որպեսզի այն բացվի ու քրոջ նորակոչիկ որդուն տեսնի:
«Ես՝ Գոռ Հակոբյանս, ավտոբուսին մոտիկացել եմ, դռանը խփել եմ, որ բացեմ, քրոջս երեխային տեսնեմ։ Զղջում եմ իմ արածի համար, հորդորում եմ, որ ոչ մեկ չանի նման բան, շատ վատ բան է։ Պահի ազդեցության տակ եմ արել», - ասել է Գոռ Հակոբյանը։
Ավելի վաղ ռազմական ոստիկանությունը հաղորդել էր, որ նշված անձինք երեկ 10։30-ից մինչև 11։30-ը տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական ավտոբուսը՝ ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող Կոտայքի զինկոմիսարիատի աշխատակցի նկատմամբ, հայհոյել ու հարվածել նրա դեմքին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդի հագուստից դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից: Քննչական կոմիտեն ստացել է զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ոստիկանութունից տեղեկացրեցին, որ իրենց բացատրական աշխատանքներից արդյունքում 8 հոգի ներկայացել են Նաիրիի բաժին, ևս մեկն ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական ոստիկանություն է ներկայացել:
Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, որ դեպքից հետո համացանցում լուսանկարներ էին դնում, գրում էին, որ սա, չակերտներում ասած, ընդունված բան է։ Մարդիկ էսպես ճանապարհում են, տղաները կանգնացնում են ավտոբուսը, իրենց ընկերներին հրաժեշտ են տալիս, ՊՆ մամուլի խոսնակը ասաց. - «Նույնիսկ եթե ասենք, որ տարիների ընթացքում եղել են փորձեր էլի, եթե նույնիսկ շատ համեստ փորձեր են եղել, հիմա տեսանյությում ինչպես, որ տեսանք դա զուտ ավտոբուս կանգնացնել ու հրաժեշտ տալ չէր։ Եթե միգուցե լիներ ուղղակի ավտոբուս կանգնացնել ու հրաժեշտ տալ հանգիստ, քաղաքավարի, մենք կոչում ենք էդ երևույթը, որը ևս անթույլատրելի է։ Ըստ էության պաշտպանության նախարարության համարանիշերով ավտոբուս կանգնեցնել և հրաժեշտ տալը անթույլատրելի է։ Հրաժեշտ տալիս են մինչև ավտոբուս նստելը, բայց եթե լիներ ուղղակի խաղաղ ավտոբուսը կանգնեցնել, խնդրել վարորդին մի րոպեով կանգնել և հրաժեշտ տալ, միգուցե էսպիսի բան չէր լինի»։
Այսօր այցելեցինք ինքնակամ ռազմական ոստիկանություն հանձնված Գոռ Հակոբյանի տուն: Հղի կինը չհամաձայնեց նկարահանվել, բայց ասաց՝ իր անչափահաս 3 երեխաների հայրը պարզապես ցանկացել էր ավտոբուսում գտնվող իր քրոջ որդուն տեսնել:
Եղվարդում գտնվող Նաիրիի տարածաշրջանի զինվորական կոմիսարիատի մոտ մեզ հանդիպած քաղաքացիներն ասացին, որ գրեթե բոլոր համայնքներում ընդունված ավանդույթ է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սեփական մեքենաներով մինչև Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան ուղեկցելը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ մարդու մտքով չի կարող անցնել նման միջադեպ, որպեսզի սա կանխարգելելու համար իրավական նորմեր մշակվեին:
«Զորակոչիկները արդեն Պաշտպանության նախարարության մեքենայում են գտնվում։ Չկա որևիցե իրավական նորմ, որով դա կճանաչվի զինվորական ծառայության հատուկ ռեժիմային ինչ-որ տարածք և էդ տարածքը ոչ ոք չի կարող ներխուժել, բնականաբար։ Տվյալ իրավիճակում չունենք էդ կարգավորումը։ Այսինքն այստեղ գործողությունը ոչ միայն կատարվել է սոսկ ավտոբուսի վրա, սա նաև զինվորական հսկողության տակ գտնվող անձանց և զինվորական հսկողության տակ գտնվող տարածքի նկատմամբ ոտնձգության հիմք ունի։ Մյուս կողմից էլ անկախ նրանից, թե մեքենան որտեղից ուր է տեղափոխվում՝ համայնքից համայնք, թե համայնքի տարածքի ներսում, տրամաբանորեն բխում է, որ նա պետք է անպայման նաև հատուկ պաշտպանության ենթարկվի», - ընդգծեց Արթուր Սաքունցը։
Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի, ոստիկանապետի կարգադրությամբ, զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: