Դեռ անցած տարի՝ դեկտեմբերի 28-ին նախկին նախագահի փաստաբանները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջոնդրություն էին ներկայացրել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան:
Դատախազությունն ու քննիչն այսօր ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը փոխանցեց, որ դատարանն անցել է խորհրդակցական սենյակ և ինքնաբացարկի վերաբերկալ որոշումը կհրապարկի վաղը, ժամը 14.00-ին:
Ալումյանը հավելեց․ - «Հիմքը նա էր, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավական երկար ժամանակ մոտիկ են եղել, և որպեսզի կասկածներ չառաջանան իր անաչառության վերաբերյալ, ինքը ինքնաբացարկ էր հայտնել»:
Միջնորդությունը բավարելու դեպքում գործը կփոխանցվի այլ դատավորի: Հակառակ սցենարի դեպքում կշարունակվի
գրավով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության քննությունը:
Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից Քոչարյանն անազատության մեջ է: Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կալանքին առնչվող որոշումը:
Փաստաբանները չեն նշել գրավի չափը՝ թողնելով դատարանի հայեցողությանը:
«Մենք ընդհանրապես գտնում ենք, որ պարոն Քոչարյանը հիմա պիտի կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան այդ հարցով, և դեռ պարզ չի, թե Վճռաբեկ դատարանը երբ էդ հարցին լուծում կտա։ Սա միջանկյալ միջոց է մեր կողմից», - նշեց Ալումյանը:
Նրա կարծիքով, գրավի միջնորդության քննությունն անհարկի ձգձգվում է: «Ազատության» հարցին, թե արդյոք միտում են այստեղ տեսնում, Ալումյանն արձագանքեց․ - «Երբ որ իրենք են միջնորդություն ներկայացնում, որպեսզի անձը կալանավորվի, պատրաստ են ամբողջ գիշեր դատավարություն անել, միայն թե շուտ անձին կալանավորեն: Հիմա, երբ որ խնդիր է առաջացել անձին գրավով ազատ արձակելու մասին, տասը օրով կարող է նիստը հետաձգվել, մի հատ ինքնաբացարկի միջնորդության հարցի քննությունը կարող է մի ամբողջ օրով հետաձգվել: Սա, ես կարծում եմ, ուղղակի ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չի, որովհետև իրենք չեն զգում իրենց վրա, թե ինչ է նշանակում գտնվել կալանքի տակ»:
Նախկին նախագահն ու նրա փաստաբանները շարունակում են հայտարարել, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Մինչդեռ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է․ - «2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը»:
Ի դեպ, այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան: Նրանք խնդրահարույց են համարում վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:
Ալումյանի խոսքով, բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք կա, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին։
Փաստաբանը հավելեց․ - «Մենք չենք կարող դիմել Սահմանադրական դատարան ու ասել՝ Վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրությունը: Սահմանադրական դատարանը նման դիմումներ չի քննում: Բայց մենք դիմել ենք Սահմանադրական դատարան ու ասել ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքում կա նորմ, որը, Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրությանը: Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերանայվի Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը․․․ Հաջորդ հետևանքը նա կլինի, որ հնարավոր կլինի վերանայել Վճռաբեկ դատարանի որոշումը, դրանից էլ կարող է բխել արդեն, որ Վերաքննիչ դատարանի որոշումն էլ պետք է վերանայվի»:
Ալումյանն «Ազատության»-ը փոխանցեց նաև, որ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հարցով ևս դիմում են պատրաստում Սահմանադրական դատարան ներկայացնելու համար: Կալանքից Քոչարյանը ամռանը հենց այս հիմքով էր ազատ արձակվել:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: