Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկում է Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը


Սերգեյ Փարաջանով
Սերգեյ Փարաջանով

Ստամբուլի Փերայի թանգարանում անցած ամիս այցելուների ուշադրությանը ներկայացված «Փարաջանով. Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում այսօր մեկնարկում է մեծանուն հայ կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը:

Թանգարանի կայքում հրապարակված ծանոթագրության համաձայն՝ «Ապստամբ պատկերներ. Սերգեյ Փարաջանով» ծրագրի ընթացքում Փարաջանովի կինոարվեստի երկրպագուները առաջիկա երեք ամսում հնարավորություն կունենան դիտել ռեժիսորի հեղինակած ֆիլմերը:

Կինոաշխարհի մի շարք հռչակավոր դեմքերի՝ Տարկովսկու, Գոդարի, Ֆելինիի, Անտոնիոնիի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած Փարաջանովի հանճարեղ ֆիլմերից ցուցադրության ծրագրում ընդգրկվել են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» կինոնկարները։

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» կինոպոեմը, Ռոն Հոլովեյի «Փարաջանով. ռեքվիեմ» ու Պատրիկ Կազալսի «Սերգեյ Փարաջանով. ապստամբը» փաստագրական ֆիլմերը։

Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսն ու ֆիլմերի ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 17-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG