Մատչելիության հղումներ

Պարզվել է զորակոչի ավտոբուսի հետ կապված միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը. ՊՆ ՌՈ


Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը (ՊՆ ՌՈ) հաղորդում է, որ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է երեկ զորակոչի ավտոբուսի հետ կապված միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։

ՌՈ-ն նշում է՝ անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

«Հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։ Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ: Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթակվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է անում ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։

Ռազմական ոստիկանությունը հիշեցնում է, որ հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են Հայաստանի պաշտպանության նախարարության Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:

«Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից», - ասվածէ հաղորդագրությունում:

Փաստի կապակցությամբ ՊՆ ռազմական ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հունվարի 8-ին հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG