Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է զորակոչի ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպով․ Արծրուն Հովհաննիսյան


Ռազմական ոստիկանությունը զբաղվում է քաղաքացիական մեքենաների կողմից դեպի Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակելու և կռիվ հրահրելու միջադեպով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ դատապարտելով տեղի ունեցածը:

Այսօր ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիական մեքենաները շրջափակում զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի խումբ երիտասարդներ ներխուժում են ավտոբուս, հայհոյանքներ հնչեցնում, ինչը հրմշտոցի պատճառ է դառնում:

Ծառայությունը՝ հեռախոսներով

Այսօր մեկնարկեց ձմեռային զորակոչը․ ծառայության են մեկնում 2019-ի առաջին նորակոչիկները:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս տարվա հիմնական փոփոխությունն այն է, որ նորակոչիկները կարող են ողջ ծառայության ընթացքում իրենց մոտ հեռախոսներ ունենալ, բայց մի պայմանով՝ տեսալուսանկարահանելն ու ձայնագրելն արգելված է:

Զինված ուժերի շտաբի պետը վստահեցրեց՝ զինվորական նոր, ավելի որակյալ կոշիկները շուտով կհասնեն զորամասեր, մեկանգամյա օգտագործման ներքնաշորեր այլևս չեն լինի, կփոխվի նաև համազգեստի որակը:

Անդրադառնալով բանակի ավտոպարկին՝ Արտակ Դավթյանն ասաց՝ վերջին 4 տարվա ընթացքում զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով, դրան զուգահեռ շահագործումից հանվում են հին ու անսարք մեքենաները:

Անդրադառնալով վերջին դեպքին, երբ զինվորական մեքենան վթարի էր ենթարկվել և 3 զինծառայող էր զոհվել, Գլխավոր շտաբի պետն ասաց՝ հետևություններ են արել․ - «Ավելի խստացվել է ստուգման որակը, երբ պատրաստվում են վարորդները: Բացի այդ, լրապատրաստումը, որը մենք անցկացնում ենք, ավելի կոշտ պահանջներ ենք ներկայացրել զորամասերին, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձնեն»:

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողներին փոխանցեց, որ 422 զորակոչիկներ, ովքեր նախկինում տարկետում էին ստացել հիվանդության պատճառով, հետո բուժվել ու ծառայության են մեկնել: ՊՆ պաշտոնյան ասում է՝ նորակոչիկների շրջանում ամենահաճախ հանդիպում են սրտանոթային ու ալերգիկ հիվանդությունները:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ 72 հոգի ծառայության մեկնելու համար «Ես եմ» սպայական ծրագրին է դիմել, 90-ից ավելին՝ «Պատիվ ունեմ»-ծրագրին:

Ի դեպ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի կարգադրությամբ ՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցվել է սահմանապահ ծառայությանը։ Լրագրողների ՀՀ զինված ուժերի շտաբի պետից հետաքրքրվեցին՝ սա սահմանային իրավիճակի փոփոխություն առաջացրե՞լ է: Արտակ Դավթյանն ասաց՝ ոչ դրական և ոչ էլ բացասական առումով որևէ ազդեցություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG