Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը քննադատում է հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագիծը


Քաղաքացիական հասարակությունը խստորեն քննադատում է հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծն ու պահանջում կասեցնել դրա ընդունման գործընթացը: Ըստ քաղհասարակության՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է վերանայվի` շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը կարծում է՝ նոր կառավարության հակակոռուպցիոն քայլերը նաև պետք է ռազմավարության մեջ տեղ գտնեն։

«Կարծում ենք, որ հակակոռուպցիոն գործընթացը միայն այն չէ, որ կոռումպացված անձանց բռնել, նստեցնել, պատժել և այլն, դա շատ կարևոր է անշուշտ և մենք շատ գնահատում ենք ներկայիս կառավարության ջանքերը՝ ապահովելու այդ պատժելիությունը, որը մինչև օրս չի եղել և դա նաև չի կանխարգելել կոռուպցիայի տարածումը, գնահատելով հանդերձ, կարծում ենք, որ դա չէ միայն հակակոռուպցիոն քաղաքականությունը և պետք է շատ ավելի լուրջ մոտեցում ցույց տալ։ Ակնկալում ենք, որ այս գործընթացը պետք է կասեցվի, այսինքն ընթացք չտրվի այս փաստաթղթին, որը որ դրված է։ Այն շատ արագ կարգով պետք է վերանայվի նաև քաղհասարակության ներգրավմամբ և նոր միայն ընդունվի», - ասաց Սոնա Այվազյանը։

Փաստաթղթի նախագիծը դեկտեմբերի 19-ին դրվել է e-draft կայքէջում, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ այն, հանդիսանում է նախորդ իշխանությունների որդեգրած ձևական մոտեցումների շարունակությունը և չի արտացոլում քաղաքական կամքի առկայությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Ռազմավարության տեքստում, մասնավորապես, նշված է, որ վերջին տարիների ընթացքում կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, սակայն ըստ իրավապաշտպանի՝ խոսք չկա այն մասին, որ եղել է համաժողովրդական ընդվզում հենց կոռումպացված իշխանությունների դեմ, որ նոր իշխանության պայմաններում եղել է շրջադարձային փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում, և որ նոր կառավարությունը այլևս չի շարունակելու նախկին իմիտացիոն քաղաքականությունը, այլ որդեգրել է կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումը։

«Մեզ ամենաշատը մտահոգում է այն, որ այնուամենայնիվ սա պաշտոնական փաստաթուղթ է, թեկուզ նախագծի տեսքով և ինքը չի տալիս այն հարցերի պատասխանները, թե կառավարությունը, իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում համակարգային ի՞նչ լուծումներ է առաջարկում, ինչպե՞ս է տեսնում կոռուպցիայի հաղթահարման հիմնական ուղիները։ Սա Սերժ Սարգսյանի կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունն է, սա նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության տրամաբանության հետ որևէ առնչություն չունի։ Տարրական նույնիսկ անդրադարձ չկա, որ վերջին հաշվով թավշյա հեղափոխության հիմնական պատճառներից մեկը հենց համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարությունները, ընտրովի արդարադատությունն էին», - նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրենն ասում է, որ այս անգամ ռազմավարությունը կազմելիս քաղհասարակությանն ավելի քիչ են ներգրավել, քան անցած ռազմավարությունները քննարկելու ժամանակ: Իրենց ներկայացրած առաջարկությունները հաշվի չեն առնվել: Նախագիծը դեկտեմբերի19-ին ներկայացվել է մի խումբ հասարակական կազմակերպությունների շրջանում և նույն օրն էլ տեղադրվել է e-draft կայքում, առաջարկությունների համար տրվել է 14 օր, որոնց մեծ մասը տոնական ու ոչ աշխատանքային օրեր են եղել:

«Հեղափոխությունից հետո մենք գիտեինք, որ հակակոռուպցիոն ռազմավարություն է մշակվում և նաև առաջարկություններ ենք ներկայացրել և սպասում էինք, որ ինչ-որ պահի պետք է լինի որևէ նախագիծ, որի շուրջ մենք կարող ենք քննարկումներ անել, այսինքն որևէ աշխատանքային փաստաթուղթ։ Բայց այնպես ստացվեց, որ աշխատանքային փաստաթղթին մենք չծանոթացանք և չկարողացանք, փաստորեն, հնարավորություն չունեցավ քաղհասարակությունը աշխատանքային փաստաթղթին որևէ ներդրում ունենալու և միանգամից այդ նյութը դրվեց e-draft կայքում», - ընդգծեց Սոնա Այվազյանը։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համաձայն չէ այս քննադատության հետ, ասում է, թե գործընթացը մասնակցային է եղել, իրենք մայիսին և օգոստոսին գրություններ են ուղարկել հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով ներկայացնել քաղհասարակության գնահատականն ու առաջարկությունները։

«2018 թվականի դեկտեմբերի 19-ին ռազմավարության նախագիծը ներկայացվել է քաղահասարակության հակակոռուպցիոն կոալիցիայի քննարկմանը, դրան գումարած հրավիրված են եղել ոլորտի բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները», - ասաց Սուրեն Քրոմյանը։

Փոխնախարարն ասում է՝ պատրաստ են լսել քաղհասարակության մտահոգություններն ու e-draft կայքում արդեն երկարաձգել են առաջարկություններն ընդունելու ժամկետը՝ մինչև հունվարի 31-ը: Նախագիծը դեռ աշխատանքային է, կարող է փոփոխությունների ենթարկվել:

«Հիմա տեսեք՝ բոլորը մեզանից պահանջում են կասեցնել ընդունումը, դեռևս ոչ մեկը չի ընդունում։ Մենք հանրային քննարկման փուլում ենք, հարգելիներս։ Եթե տեսնեք, նախորդ տարի մեկ առաջարկություն է ստացվել Արթուր Սաքունցից, արդեն գրել ենք, որ, այո։ Իրենք մեզ քննադատում են՝ ինչո՞ւ թավշյա հեղափոխության հետ կապված իրադարձությունները չեն հաշվի առնվել։ Այս առաջարկության հիման վրա կփորձենք կառավարության ծրագրից այստեղ տեղադրել նաև այն վերլուծականները, որոնք վերաբերում են կոռուպցիայի նախկինում առկա վիճակին և այդ առաջարկությունը կներառվի», - նշեց արդարադատության նախարարի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG