Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստանին» ԱԺ փոխնախագահի լծակ տրամադրելով՝ իշխանությունը վախենում է ուժեղացնել մեզ․ Գորգիսյան


«Լուսավոր Հայաստանին» Ազգային ժողովի փոխնախագահի լծակ տրամադրելով՝ իշխանությունը վախենում է ուժեղացնել կուսակցությանը, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Միգուցե նաև այս մտավախությունը ունի նաև իշխող ուժը՝ չուժեղացնելու «Լուսավոր Հայաստանին», որովհետև մենք բավական պատկառելի կազմով ներկայացված ենք լինելու և առանց այդ էլ լինելու ենք ուժեղ ընդդիմություն: Միգուցե վախենում են էլ ավելի ուժեղացնել «Լուսավոր Հայաստանին», լծակներ տալ՝ այսպես ասած», - մեկնաբանեց Գորգիսյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովի 3-րդ փոխխոսնակի ընտրության պարագայում պետք է գործի այն սկզբունքը, թե որ ուժն է ավելի շատ ձայներ ստացել: Ընտրություններում ստացած քվեով խորհրդարանում երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը» երրորդն է:

Սահմանադրությամբ նման սկզբունք ամրագրված չէ, և իշխող «Իմ քայլը» դաշինքի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին նախապատվություն տալը քաղաքական որոշում է, պնդում է Գևրոգ Գորգիսյանը․ - «Այստեղ քաղաքական որոշում է, ու ուրիշ բաներով դա քողարկել և ծածկել, կարծում եմ, չարժե: Ուղղակի պետք է հստակ կանգնել ու հայտարարել, որ մենք որոշում ենք կայացրել, որ այս տեղը նվիրում ենք «Բարգավաճ Հայաստանին»: Թե չէ ինչ֊որ տարբեր տրամաբանություններ փորձել այդտեղ դնել անիմաստ է»:

Սահմանադրությամբ նախատեսված է Ազգային ժողովի երեք փոխխոսնակի պաշտոն, որոնցից մեկը պետք է զբաղեցնի ընդդիմադիր որևէ խմբակցության ներկայացուցիչ: «Իմ քայլը» դաշինքն արդեն հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակների պաշտոնում Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը:

«Բարգավաճ Հայաստանը» թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է, բայց թեկնածուի անունը՝ ոչ: Իսկ «Լուսավոր Հայաստանը» դեռ դեկտեմբերին էր հայտարարել, որ Աժ երրորդ փոխխոսնակի իրենց թեկնածուն Մանե Թանդիլյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG