Մատչելիության հղումներ

Երևանը և Աստանան կոչ են անում ազգամիջյան երանգ չհաղորդել Կարագանդայի միջադեպին


Ոստիկանները պարեկություն են անում «Դրևնի Րիմ» ռեստորանի մոտ: Կարագանդա, 8 հունվարի, 2018թ.
Ոստիկանները պարեկություն են անում «Դրևնի Րիմ» ռեստորանի մոտ: Կարագանդա, 8 հունվարի, 2018թ.

Հայաստանի և Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում են, որ Կարագանդայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հիմքում ազգամիջյան խնդիր չկա:

Հունվարի 1-ին Կարագանդայի ռեստորաններից մեկում վեճը վերածվել է ծեծկռտուքի՝ սառը զենքի կիրառմամբ:

Դանակահարված երիտասարդ ղազախ Ժանսեիտ Բակըտժանովը մահացել է հիվանդանոցում, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Հաջորդ օրերին Կարագանդայում սկսվել են բողոքի ակցիաներ:

Միջադեպի մասնակիցներից Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը ձերբակալվել են, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսով զրուցել է իր պաշտոնակից Գաբիթ Բայժանովի հետ: Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Բակըտժանովի ընտանիքին: Երկու պաշտոնյաներն ընդգծել են միջադեպին ազգամիջյան ենթատեքստ հաղորդելու անթույլատրելիությունը:

Նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ ծեծկռտուքի հիմքում ազգամիջյան խնդիր չի եղել:

Կարագանդայի ողբերգությանն անդրադարձել են Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները: Իրինա Սմիրնովայի համոզմամբ, տեղի ունեցածը Ղազախստանում երիտասարդական և տեղեկատվական քաղաքականության ձախողման արդյունք է:

Պատգամավոր Պավել Կազանցևը հորդորել է անհարկի չշահարկել թեման: Նրա խոսքով, կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունը պետք է մանրազննին և հրապարակային հետաքննվի և վճիռ կայացվի:

Պատգամավոր Սերիկ Սեպիևը համոզված է, որ սպանությունը կենցաղային հողի վրա է կատարվել:

Համացանցում շրջանառվում է կասկածյալ Նարեկ Գուրուրյանին վերագրվող մի տեսաուղերձ, որով նա խոստովանում է, որ մասնակցել է ծեծկռտուքին, սակայն սպանություն չի կատարել:

Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամլո խոնակ Ալմաս Սադուբաևը Գուրուրյանին հորդորել է ներկայանալ ոստիկանական բաժանմունք և հավաստիացրել է, որ նրա իրավունքները երախշավորվում են օրենքիվ:

Այսօր մամուլի հարցերին պատասխանել է Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը:

Նա ասել է, որ վեճը «Դրևնի Ռիմ» ռեստորանում սկսվել է վաղ առավոտյան՝ այն բանից հետո, երբ ռեստորանի աշխատակիցներն այցելուներին ասել են, որ համալիրն ավարտում է աշխատանքը և խնդրել են ազատել սրահները:

Բուն մահացու դանակահարության դրվագը տեղի է ունեցել վաղ առավոտյան մոտավորապես ժամը 4-ին:

Փոխնախարարի խոսքերով, կասկածյալ Գուրուրյանը հենց հունվարի 1-ին Ղազախստանի Պավլոդարի շրջանից անցակետով տեղափոխվել է Ռուսաստան:

Սուլեյմենովը նաև ընդունել է, որ տեղի է ունեցել տեղեկատվական արտահոսք, ինչի կապակցությամբ հիմա ծառայողական վարույթ է ընթանում:

Սուլեյմենովն ասել է, որ Գուրուրյանին բացահայտելու նպատակով ղազախստանցի քննիչների երեք խումբ գործուղվել են արտերկիր՝ երկուսը Ռուսաստան, մեկը՝ Հայաստան:

Հայաստանի քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատել է այդ փաստը:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատությանը» փոխանցել է, որ Ղազախստանից երկու իրավապահ ժամանել են Հայաստան, որտեղ միջադեպի խնդիրը քննարկում են իրենց հայ գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG