Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը


Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը, «Ազատությանը» փոխանցեց մեծահարուստ գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանը: Այդուհանդերձ, փաստաբանի փոխանցմամբ, ՀՔԾ-ն մերժել է Մայրապետյանին Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու իրենց միջնորդությունը:

«Գրությամբ են տվել անձնագիրը։ Դեկտեմբերի 28-ին ու 29-ին գրություն է գրել՝ անձնագիրն է ուզել, մեկ էլ թույլտվություն է խնդրել՝ մեկնել Գերմանիա, Մայրապետյանը։ Էն ժամանակ բանավոր էին մերժել, այսօր քննիչը հրավիրեց, գրությամբ հանձնեց անձնագիրը, բայց թույլտվությունը մերժեցին Գերմանիա մեկնելու։ Ոչ մի պատռճառաբանություն, գրել է, որ մերժում ենք թույլտվությունը ու ցանկացած փորձ Հայասատանից հեռանալու կդիտվի որպես թաքնվելու փորձ», - նշեց Բատիկյանը։

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ անձնագիրը հետ վերցնելու միջնորդությունը ստացել են Մայրապետյանին կալանքից ազատ արձակելուց հետո՝ դեկտեմբերի 28-ին և արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ այսօր, բավարարել են այդ միջնորդությունը։ ՀՔԾ խոսնակը հավելեց նաև, որ Մայրապետյանին անձնագիրը վերադարձնելով` միևնույն ժամանակ մերժվել է Հայաստանի սահմանը հատելը և տեղեկացվել, որ դա կդիտվի որպես նախաքննությունից թաքնվելու և այն խոչընդոտելու փորձ, ինչն էլ իր հերթին վարույթն իրականացնող մարմնի կողմից կհամարվի խափանման միջոցի պայմանների խախտում: Օհանջանյանը հավելեց՝ «կալանավորման և ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցների դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավասու է պահել անձի անձնագիրը»:

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Մայրապետյանի փաստաբանը անձնագրի վերադարձը պայմանավորում է Եվրոպական դատարանի վերջին որոշման հետ։

Ստրասբուրգյան դատարանը, ինչպես հայտարարում են Մայրապետյանի փաստաբանները, ընդունել է իրենց դիմումը՝ գործարարի՝ արտերկրում բուժում ստանալու հարցի վերաբերյալ և միջանկյալ որոշում կայացրել՝ դիմելով Հայաստանի կառավարությանը։ Ըստ այդմ, դատարանը հարցրել է՝ որո՞նք են մեղադրյալի անձնագիրը ՀՔԾ-ում պահելու հիմքերը, և արդյո՞ք, ելնելով Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը Հայաստանում։

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ստացել են մեծահարուստ գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերը և սահմանված ժամկետում կպատասխանեն դրանց։

Գործարարին երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է ՀՔԾ-ի թույլտվությունը: Փաստաբանների պնդմամբ՝ Մայրապետյանը ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունի, որը Հայաստանում բուժել հնարավոր չէ: Փաստաբանները պնդում են, որ Մայրապետյանի կյանքին վտանգ է սպառնում։

«Իրա հիվանդությունը միկրոցիտ - պանկրեացիտ հիվանդությունն էր», - նշեց փաստաբանը։

Բատիկյանը հայտնեց, որ դեկտեմբերի 27-ին 30 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Մայրապետյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և բժիշկները հրաժարվել են նրան վիրահատել՝ պնդելով, որ նման վիրահատություն կարող է կատարվել Գերմանիայում։ Ըստ փաստաբանների, Եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացման համար որոշիչ գործոն է հանդիսացել բժշկական ապացույցներն այն մասին, որ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել Սամվել Մայրապետյանի վիրահատությունը:

«Բացի բարդությունը, ոչ թե [հայաստանյան] բժիշկները չեն կարողանում, այսպես ասած, այլ չունեն կոնոկրետ այդ տեխնիկական միջոցները, որը որ ունի Դրեզդենի կոնկրետ էդ կլինիկան։ Իրոք իրա կյանքին շատ լուրջ վտանգ է սպառնում։ Կոնկրետ մենք ունենք փաստաթուղթ, նույնիսկ փաստաթղթեր բժշկական բժիշկների կողմից գրված, որ այդ հիվանդությունը Հայաստանի Հանրապետությունում հնարարվոր չէ բուժել», - ընդգծեց Կարեն Բատիկյանը։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նրան «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել: Մինչև օրս քննչական մարմինները չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է մեղադրվում գործարարը: Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG