Մատչելիության հղումներ

Ղազախստանի ՆԳՆ-ը վստահեցնում է հետախուզվող Գուրուրյանին՝ քննությունը կլինի օբյեկտիվ և բազմակողմանի


Արտապատկերում Նարեկ Գուրուրյանի տեսաուղերձից
Արտապատկերում Նարեկ Գուրուրյանի տեսաուղերձից

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է հրապարակել Կարագանդայում 23-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանի կողմից նախօրեին տարածված տեսաուղերձի կապակցությամբ` հավաստիացնելով, թե երաշխավորում է «գործի օբյեկտիվ, բազմակողմանի հետաքննություն», և խորհուրդ տալով հետախուզվողին հանձնվել:

Գուրուրյանը տեսաուղերձում մասնավորապես հայտարարել է, թե պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին, պնդելով, թե ինքը մարդ չի սպանել․ - «Այդ չարաբաստիկ օրը «Հին Հռոմ» ռեստորանում ես մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքի, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի իշխանություններին և խնդրում եմ նրանց երաշխավորել իմ անվտանգությունը և թափանցիկ քննություն իրականացնել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի, ես մարդասպան չեմ»:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից, սակայն, հայտարարում են, որ «առայսօր իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել»:

Ըստ Ղազախստանի պաշտոնական աղբյուրների՝ Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 23-ամյա տղամարդ: Ծեծկռտուքի 9 մասնակիցներից 8-ը ձերբակալված են, նրանցից 3-ը հայեր են: Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը ազգամիջյան բնույթ է կրել: Ըստ տարբեր աղբյուրների՝ թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG