Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Կարագանդայում ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ


Արմեն Գրիգորյան, արխիվ
Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանի, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովումը։

Ղազախստանում մի խումբ հայերի մասնակցությամբ ծեծկռտուքը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, բողոքի զանգվածային ցույցերի տեղիք է տվել: Ցուցարարները իշխանություններից պահանջում են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պարզել ողբերգական միջադեպի հանգամանքները, գտնել ու պատժել մեղավորներին:

Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, գործով անցնող Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել:

Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG