Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին իրավապաշտպան կառույցների և Արևմուտքի քննադատության թիրախում է


Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնով, արխիվ
Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնով, արխիվ

Պաշտոնական Բաքուն կրկին հայտնվել է իրավապաշտպան կառույցների և արևմտյան պետությունների քննադատության թիրախում:

2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգեր Մեհման Հուսեյնովին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծելու հոդվածով: Եթե չլիներ նոր մեղադրանքը, ապա առաջիկա գարնանը Հուսեյնովը ազատ կարձակվեր: Սակայն նոր քրեական գործով նրան ևս 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:

Ի նշան բողոքի՝ Հուսեյնովը դեկտեմբերի 26-ից ի վեր սնունդ չի ընդունում, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա անգամ կորցրել է գիտակցությունը:

Մեհման Հուսեյնովը, եղբոր՝ Էմինի վկայությամբ, շարունակում է հացադուլը և մտադիր չէ նահանջել:

Մեհման Հուսեյնովի դեմ թե՛ առաջին և թե՛ երկրորդ քրեական գործերը իրավապաշտպանները շինծու են համարում՝ պնդելով, որ իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում Հուսեյնովից, ով հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքի մասին իր բացահայտումներով:

Բլոգերին ազատ արձակելու կոչեր են հնչում ինչպես Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներից, այնպես էլ միջազգային կառույցներից: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, The Washington Post հեղինակավոր պարբերականը, ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Մարկո Ռուբիոն և այլ քաղաքական գործիչներ ու միջազգային կառույցներ Իլհամ Ալիևին հորդորում են՝ առանց հապաղելու ազատ արձակել 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 26-ամյա Մեհման Հուսեյնովին:

Բլոգերի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով Բաքվում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են, ի նշան համերաշխության՝ ադրբեջանցի տասնյակ ակտիվիստներ միացել են Հուսեյնովի հացադուլին: Չնայած այս աղմուկին՝ պաշտոնական Բաքու շարունակում է լռել:

Փոխարենը, արդեն երկրորդ հայտարարությամբ է հանդես գալիս Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Հուսեյնովի հարցով քննարկումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ:

«Ես Մահմուդ Մամեդգուլիևին ասել եմ, որ իշխանությունները պետք է չեղարկեն բլոգերի դեմ առաջադրված մեղադրանքները, քանի որ դրանք վստահություն չեն ներշնչում», - հայտարարել է Միյատովիչը:

Հուսեյնովը ադրբեջանական բանտում գտնվող միակ լրագրողը չէ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ «2014 թվականից ի վեր Իլհամ Ալիևը պատերազմում է ընդդիմախոսների հետ՝ շանտաժի ենթարկելով, ծեծելով, վիրավորելով, գնելով փորձում լռեցնել դրանց, իսկ եթե այդ մեթոդները արդյունք չեն տալիս, բանտարկում է»: Կազմակերպությունը թվարկում է մի շարք անկախ լրատվամիջոցներ ու լրագրողների անուններ, որոնք այդ ճակատագրին են արժանացել՝ Խադիջա Իսմայիլով, դեռևս ճաղերի ետևում գտնվող Աֆղան Մուխթարլի, Արազ Գուլիև, Սեյմուր Խազի, Զիյա Ասադլի, Ազիզ Օրուջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG