Ալեն Սիմոնյանն, ում թեկնածությունն «Իմ քայլը» դաշինքը կառաջադրի Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց, որ պատրաստ է քվեարկել «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած խորհրդարանի փոխխոսնակի՝ Մանե Թանդիլյանի օգտին։
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքը որոշել է Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում առաջադրել Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ այդ մասին հայտարարություն չի արել, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին։
Հարցին, թե «Իմ քայլը»-ն Ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր ո՞ր թեկնածությունն է սատարելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. - «Նախ տեսնենք, թե ում է առաջարկում ԲՀԿ-ն։ Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանին, նման քննարկում չի եղել մեր կուսակցությունում։ Այսինքն՝ մենք դեռ չենք քննարկել։ Ես անձամբ Մանե Թանդիլյանի օգտին կքվեարկեի։ Մեծ հաճույքով, Մանեն իմ լավ ընկերն է»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասել էր, թե յուրաքանչյուր խմբակցություն Ազգային ժողովում պետք է ներկայացված լինի փոխխոսնակի իր թեկնածուով։ Հարցին, թե իր համար ընդունելի՞ է այս տարբերակը, Սիմոնյանը պատասխանեց. - «Կարծիք է, չգիտեմ, չեմ մտածել, անկեղծ ասած»։
Օգտատերերից Արփինե Մելքոնյանի հարցին, թե «ձեր թիմը մի քանի ամիս առաջ պնդում էր, որ կառավարությունը ժամանակավոր է և ընտրություններից հետո փոփոխություններ կլինեն, ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ այն կադրերը, որոնցից որ բողոքները շատ էին, նորից վերահաստատվում են, և ինչպե՞ս ստացվեց, որ հին հանրապետական տասովշչիկներն այսօր «Իմ քայլի» համար են այդ նույն գործողությունն անում», Սիմոնյանը պատասխանեց. - «Երկու հարց էր, տարանջատենք: Նախ և առաջ, ես չեմ հիշում որևիցե նման պնդում, այսինքն՝ ի՞նչ, եղել է պնդում, որ կրթության նախարարն այլևս չի՞ զբաղվում կամ վա՞տ կադր է, կամ Պապիկյան Սուրենը, կամ Զոհրաբ Մնացականյանը, չեմ կարծում, որ տենց օրինակ կարող եք բերել, եթե կա, խնդրում եմ հրապարակեք։ Երկրորդը՝ մեր ցուցակի մասին խոսելիս հաճախ ասում էին, որ ցուցակում ներգրավված են գործադիրի ներկայացուցիչներ, և մեր նախարարների մեծ մասը հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր ձայներ են ստացել և դրանով իրենց վստահությունն են ստացել։ Իսկ ինչ վերաբերում է տասովշչիկներին, անկեղծ ասած, էդ վերացական բառը բոլորին գրեթե հասկանալի է, իմ պատկերացմամբ՝ դրանք ցուցակներ կազմող, փող բաժանող և ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող մարդիկ են։ Եթե նման մարդիկ, եթե նման օրինակներ Դուք ունեք, դիմեք օրինապահներին, թող զբաղվեն, իսկ եթե ինչ-որ մեկն իր հարևանին ասել է՝ «գիտես ինչ, ես Ալենին շատ հավանում եմ, լավ տղա է, ես կոչ եմ անում, որ իրեն ընտրես», ես դրա մեջ որևիցե վատ բան չեմ տեսնում, որովհետև ես ինքս անձամբ կոչ եմ արել բոլորին ինձ ընտրեն»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․