Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանիում հեղափոխությունը որևէ կերպ իր արտացոլումը չգտավ. Քրիստ Մարուքյան


Քրիստ Մարուքյան, արխիվ
Քրիստ Մարուքյան, արխիվ

«Քանի դեռ Հայաստանի թիվ մեկ ոչ լեգիտիմ քաղաքապետը պաշտոնավարում է, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լուծելու շատ խնդիրներ ունի մանդատագողության հետևանքների և կոռուպցիայի դեմ պայքարելու առումով», «Ազատությանն» ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա եղբայրը, ով հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի իր մանդատից, կշարունակի ղեկավարել ավագանու խմբակցությունը։ Սա կուսակցության և անձամբ իր՝ Էդմոն Մարուքյանի որոշումն է եղել։

«Մենք գտնում ենք, որ այնտեղի առաքելությունը շատ կարևոր է և գտնում ենք, որ կիսատ թողնված գործ ունենք այնտեղ։ Այսինքն դեռևս մանդատագողությամբ ընտրված քաղաքապետ է այնտեղ պաշտոնավարում և նա չի հեռացել և պետք է հեռանա», ֊ «Ազատության» հետ զրույցում այսօր մեկնաբանեց Մարուքյանը։

Երկու տարի առաջ Վանաձորի քաղաքապետ դարձավ հանրապետական Մամիկոն Ասլանյանը։ Իրենց ընդդիմադիր հռչակած երեք քաղաքական ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի», ,Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդ» կուսակցության 18 անդամներ միավորվեցին, հուշագիր կնքեցին քաղաքապետի միասնական թեկնածու ունենալու մասին, բայց փակ գաղտնի քվեարկության արդյունքում հուշագրի պայմանները խախտվեցին։ Ընդդիմության 18 անդամներից 4֊ը քվեարկեց այն ժամանակվա իշխող Հանրապետականի թեկնածուի օգտին։ «Լուսավոր Հայաստանը» դա անվանեց մանդատագողություն, երկար պայքարեց դրա քաղաքական հետևանքները վերացնելու և ընտրություններն ու ավագանու հետագա որոշումներն անվավեր ճանաչելու համար, բայց արդյունքի չհասավ։ Էդմոն Մարուքյանն ասում է՝ Վանաձորում քաղաքական խճանկարը չփոխվեց նաև հեղափոխությունից հետո. ֊ «Ավելի լեգիտիմ քաղաքապետեր հրաժարական տվեցին հեղափոխությունից հետո, սակայն Վանաձորի մանդատագողությամբ ընտրված քաղաքապետը այդպես էլ մնաց և հանդուրժվեց, ըստ էության, հեղափոխական իշխանության և կառավարության կողմից»։

Մինչդեռ, Լոռու նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանը, ով մինչև հեղափոխություն Վանաձորի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր, «Լուսավոր Հայաստանի» կողմից հաճախակի առաջ քաշվող մանտադագողության հարցը շոու է համարում, նշում, որ ավագանիում քաղաքապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ քվեները հնարավոր չի լինելու ապահովել։

«Դա Մամիկոն Ասլանյանի վարիկանիշիցելա կախված, ինչ֊որ տեղ միգուցե Քրիստ Մարուքյանի վարկանիշիցելա կախված։ Էսօր կա սիմպատիա, որ մարդիկ Մամիկոնին երևի ավելի շատ են համակրում, քան էն մի կողմը», ֊ նշեց Մարգարյանը։

Հրանտ Մարգարյանը, ով «Բարգավաճ Հայաստանի» տարածքային կազմակերպության ղեկավարն է, կոչ է անում նախկին իշխանավորներին նոր իրավիճակում աշխատելու հնարավորություն տալ։

Անցած տարվա նոյեմբերին «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնեց Վանաձորի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որի համար անհրաժեշտ էր ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը։ «Լուսավոր Հայաստանի» 10 անդամներին պակասում էր ընդամենը մեկ ձայն, բայց մյուս խմբակցությունների որևէ անդամ չմիացավ անվստահության նախաձեռնությանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի կարծիքով Վանաձորի ավագանիում հեղափոխությունը որևէ կերպ իր արտացոլումը այդպես էլ չգտավ. ֊ «Նույն կուսակցությունները, որոնք այսօր մեծամասնություն են ապահովում Հանրապետականի համար, հայտարարում են, որ հեղափոխությանը միացել են, դուրս են եկել բոլոր հնարավոր համագործակցության շրջանակներից Հանրապետականի հետ և այլն, բայց տեղական մակարդակում դա որևէ արտացոլում չի ստանում։ Երբ մյուս խմբակցություններին ուղիղ տեքստով հարցնում ենք դիրքորոշման մասին, իրենք ասում են, որ իրենց մոտ որևէ բան չի փոխվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG