Մատչելիության հղումներ

«Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների մասին բնապահպանների ահազանգին ընթացք է տրվել


«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումներ է բացահայտել։ Դեռ մեկ շաբաթ առաջ նախաձեռնության անդամները հայտնաբերել էին, որ 10 մեծ եղևնի է հատվել։ Երեկ էլ արձանագրել էին, որ ազգային պարկի տարածքում 10-ից ավելի հաճարենի արմատից կտրել են, և թողել, որպեսզի քամին տապալի։ Այդ դեպքում արդեն ծառերը հանգիստ կարելի է դուրս բերել անտառից:

Նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ծառահատումները Դիլիջանի Թիշիկ կոչվող տարածքում են հայտնաբերել։ Մոտավորապես մեկ ֆուտբոլի դաշտի չափ տարածք միայն ինքն է շրջել և ուսումնասիրել։

«Եթե այս ծառը համարենք քամատապալ, ապա հարց է առաջանում՝ որտեղից այստեղ «դրուժբեքի» հետքերը», ֊ մատնացույց է անում Հովհաննիսյանը։ ֊ «Հիմա գնում ենք առաջ՝ էս ծառը թվում է առողջ ծառ, բայց ինքը շուտով կդառնա քամատապալ. տեսեք՝ ինչ֊որ մեկը օգնում է քամուն, որպեսզի էս ծառը տապալվի։ Սա այստեղ արվում է մեծ մասշտաբով»։

Ըստ նախաձեռնության հայտարարության՝ «Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամուց տապալված ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:

Ականատեսի պնդմամբ՝ կտրվել են բացառապես մեծ, թանկ և կահույքի համար հարմար ծառեր: «Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու տաքանալու համար կտրվող ծառեր չեն: Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է:
Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե՛ անտառապահները, և թե՛ անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն, ֊ ասում է Գոռ Հովհաննիսյանը:

Ծառահատումների մասին հայտարարությանն արձագանքել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը։ Ըստ բաժնի պետ Վահագն Առաքելյանի՝ հատվել է մոտ 16 հատ հաճարենի, որոնց սակագինը մոտ 750000 դրամ է կազմում։ Եվ քանի որ ծառահատումն ազգային պարկի տարածքում է եղել, պետությանը պատճառված վնասի չափը հնգապատկվել է՝ կազմելով մոտ 3750000 դրամ։

«Ոստիկանությունում գործը սկսված է, անտառապահից իրենք արդեն բացատրություն վերցրել են և իրենց համապատասխան աշխատանքները կատարում են։ Մենք և՛ Դիլիջանի ոստիկանապետի, և՛ մարզային վարչության ոստիկանապետի հետ ամենօրյա կապի մեջ ենք», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց Վահագն Առաքելյանը։

Տեսչական մարմինն ավելի ստույգ տվյալներով վաղը հայտարարությամբ հանդես կգա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG