Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել՝ Հայաստանցի սպառողները մինչև երբ գազի դիմաց կվճարեն գործող սակագնով:
Այսօր իշխանական «Իմ քայլը» խմբակցության շուրջ երեք ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը միայն վստահեցրեց, որ գազի գնի բարձրացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով:
«Մենք բանակցությունները շարունակում ենք, որպեսզի երկարաժամկետ լուծումների գանք, և, իհարկե, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում և շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար», - նշեց Փաշինյանը:
Գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունները տարեվերջին ավարտվեցին ոչ Հայաստանի օգտին․ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց մինչև սահման հասնող գազի թանկացման մասին․ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 150 դոլարի փոխարեն հունվարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար: Փաշինյանը միաժամանակ վստահեցրել էր, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա, իսկ այսօր դժվարացավ նշել՝ տեսանելի ապագան ինչ ժամկետ է ենթադրում:
Անդրադառնալով այսօրվա նիստին՝ ասաց օրակարգում խմբակցության կանոնադրության հարցն է եղել, կառավարության ձևավորման հարցը չի քննարկվել:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հունվարի 14-ին է գումարվելու: Առաջին նստաշրջանում կընտրվեն նաև խորհրդարանի ղեկավարն ու փոխխոսնակները:
«Իմ քայլը» դաշինքն ավելի վաղ հայտարարել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխխոսնակների պաշտոններում՝ պատգամավորներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: 3-րդ փոխխոսնակի պաշտոնում թեկնածու կառաջադրեն խորհրդարանական երկու ուժերն էլ: «Լուսավոր Հայաստան»-ը կառաջադրի Մանե Թանդիլյանին: Խորհրդարանական 2-րդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, դեռ թեկնածուի անուն չի հայտարարել: Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին նաև, թե խորհրդարանական մեծամասնությունը ո՞ր ուժի թեկնածուին է նախապատվությունը տալու:
«Ինձ թվում է սկզբունք պետք է գործի, որ այն խմբակցությունը, որը ավելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, պետք է նրա ներկայացուցիչն էլ լինի փոխնախագահի պաշտոնում», - կարծիք հայտնեց վարչապետի պաշտոնակատարը: