Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ, այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքան ինձ են զեկուցել՝ կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաև ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ այստեղ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ լինել չի կարող»,- հայտարարել է Փաշինյանը:
Պաշտոնական Երևանը պնդում է, որ Աստանայի հետ համակարծիք են՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել:
Մեկ մարդու մահվան պատճառ դարձած աղմկահարույց միջադեպը այսօր հեռախոսով քննարկել են երկու երկրների դիվանագիտական գերատեսչության ղեկավարները, ոստիկանապետերը, մարդու իրավունքների պաշտպանները: Հայկական կողմը տարածած հաղորդագրություններում ընդգծում է՝ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը:
Ըստ Հայաստանյան պաշտոնական աղբյուրների ղազախական կողմը քայլեր է ձեռնարկում իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Յոթերորդ օրն է՝ Կարագանդայում տեղի ունեցած ծեծռկտուքի շուրջ կրքերը չեն մարում: Բողոքի ցույցերի պատճառ դարձած միջադեպը, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի է ունեցել Ամանորի գիշերը քաղաքի ռեստորաններից մեկում՝ երիտասարդների երկու խմբերի միջև: Դանակով հասցված հարվածների հետևանքով 23-ամյա տղամարդ է զոհվել, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ղազախստանի ոստիկանության փոխանցմամբ, ծեծկռտուքի 9 մասնակիցներից 8-ը ձերբակալված են, նրանցից 3-ը հայեր են: Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ի դեպ, Գուրուրյանը քիչ առաջ տեսաուղերձ է տարածել, որում հայտարարել է, թե պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին՝ պնդելով, թե ինքը մարդ չի սպանել:
«Նախ և առաջ իմ ցավակցությունն եմ հայտնում սպանվածի ընտանիքին, ուզում եմ նաև նշել, որ ես որևէ մեկին չեմ սպանել: Այդ չարաբաստիկ օրը «Հին Հռոմ» ռեստորանում ես մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքի, սակայն, որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի իշխանություններին և խնդրում եմ նրանց երաշխավորել իմ անվտանգությունը և թափանցիկ քննություն իրականացնել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել իմ արարքների համար, սակայն, ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի, ես մարդասպան չեմ», - տեսաուղերձում հայտարարել է Գուրուրյանը:
Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը ազգամիջյան բնույթ է կրել: Ըստ տարբեր աղբյուրների թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային:
«Ազատության» Current Time հեռուստանախագծի Ղազախստանի թղթակիցը նշում է, որ ողբերգական միջադեպից մեկ շաբաթ է անցել, սակայն իշխանությունները այդպես էլ հստակ չեն պարզաբանել արյունալի իրադարձության հանգամանքներն ու պատճառները: Աղբյուրը նշում է, որ հարբած երիտասարդների հրահրած ծեծկռտուքը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել և կրքեր է բորբոքել ոստիկանության և սոցցանցերում հայտնված հաղորդագրություններից հետո: Միջադեպից գրեթե անմիջապես հետո համացանցում են հայտնվել տեսանյութեր և իրավապահների օպերատիվ ամփոփագրերը՝ կասկածյալների անձնական տվյալներով: Շեշտը դրվում էր միջադեպի մասնակիցների ազգային պատկանելության վրա, ինչը բացասական հնչեղություն է ստացել, որի հետևանքով տեղի հայկական համայնքը հրապարակավ ներողություն է խնդրել, փոխանցում է Current Time-ի թղթակիցը: Սակայն այդ ամենից հետո էլ կրքերը չեն հանդարտվել:
Նախօրեին հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույցի են դուրս եկել և որոշ հակահայկական կոչերին զուգահեռ ցուցարարները իշխանություններից պահանջել արդար դատավարություն կազմակերպել, մտավախություն հայտնելով, թե մեղավորները կարող են անպատիժ մնալ՝ կաշառել իրավապահներին և հայտնվել ազատության մեջ:
«Ոչ ոք չի ազատվի. այդ գործը գտնվում է հանրային և իշխանության բարձր օղակների վերահսկողության տակ: Հետաքննությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հանցագործները պատժվեն», - երեկ ցուցարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Կարագանդայի շրջանի ղեկավար Երլան Կոշանովը՝ հավաստիացնելով, որ երեք օրվա ընթացքում կձերբակալվի նաև հետախուզման մեջ գտնվող գլխավոր կասկածյալը:
Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի դաշնակից Ղազախստանում հայազգի բնակչության թիվը հասնում է շուրջ 30 հազարի: Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե արյունալի միջադեպից հետո այդ երկրից հայեր են արտաքսվում․ «Ազատության» հետ զրույցում արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, թե այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: