Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով, հայտնում է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են: Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի մեկնաբանությունում, որ տարածել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
Հիշեցնելով, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, Քոչարյանը շարուակում է․ - «Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա նկատել։ Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում»։
«Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ: Այս հորդորը շարունակում է արդիական մնալ», - ընդգծում է ԱԳ փոխնախարարը՝ շարունակելով․ - «Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե՛ մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե՛ հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար»:
«Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են», - հայտարարում է Շավարշ Քոչարյանը:
Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել: