Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որպես խորհրդարանի փոխխոսնակ կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր: Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Գո՞հ եք արդյոք 2018 թվականի արդյունքներից: Քաղաքական իմաստով ձեր կուսակցության համար կարծես մեծ փոփոխություն չի եղել, քանի որ էլի մնում եք ընդդիմադիր խմբակցություն՝ գուցե ավելի մեծ կազմով:
Էդմոն Մարուքյան․ - Կարծում եմ՝ մեծ փոփոխություններ եղել են երկրի համար, և կարևորը դա է: Կուսակցության համար էլ է եղել մեծ փոփոխություն, որովհետև մենք վերջապես մեր բրենդով, մեր գույնով, մեր անվանումով խորհրդարանում ենք և 18-հոգանոց խմբակցություն ունենք, և իրապես շատ մեծ պատասխանատվություն կա մեզ վրա: Իսկ այն, որ ընդդիմադիր խմբակցություն ենք, կարծում եմ՝ սա էլ շատ կարևոր առաքելություն է, որ մենք պետք է կատարենք: Եվ ոչ թե ուղղակի էդպես է, որ պետք է էդպես լինի, այլ իրապես շատ բաներ կան, որ համաձայն չենք, և երբ որ նիստը կմեկնարկի օրեր անց, դուք կտեսնեք մեր մոտեցումները, որ մենք շատ հարցերում տարբերվում ենք:
«Ազատություն»․ - Ինչպես ժամանակին Ձեր գործընկեր Նիկոլ Փաշինյանն էր ասում, երբ իր կուսակցությունն էր հիմնում, «չենք պատրաստվում միշտ ընդդիմություն լինել»: Դո՞ւք ինչ կասեք:
Էդմոն Մարուքյան․ - Մենք էլ չենք պատրաստվում, մենք քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել ենք, որ երբ որ մեզ ասում էին՝ «բա ինչի՞ եք ուզում ընդդիմություն լինել, ախր հեղափոխությունից հետո ո՞նց եք ընդդիմություն լինելու», մենք ասում էինք, որ իշխանության հարցը լուծված է, և դա հեղափոխությունով է լուծված, և դեկտեմբերի 9-ին ժողովուրդը ընտրելու է ընդդիմություն, և ժողովուրդը ընտրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը որպես ընդդիմություն: Բայց ինչ է ընդդիմությունը՝ դա ապագա իշխանությունն է: Երբ որ հանրապետականները և մյուսներն ասում էին՝ «մենք լինենք ընդդիմություն», ես ասում էի, որ «դուք չեք կարող լինել ապագա իշխանություն, իսկ մենք կարող ենք լինել»: Եվ, այո, մենք էլ չենք պատրաստվում երկար լինել ընդդիմություն․․․
«Ազատություն»․ - Բայց հայտը ներկայացնում եք:
Մարուքյան․ - Միանշանակ․ դա, կարծում եմ, հենց առաջին օրից է ներկայացված: Քաղաքական համակարգում կանք, կանք նրա համար, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք, հիմա կիրականացնենք այնքանով, որքանով իշխանություն ունենք, այսինքն՝ 18 մանդատով, և ապագայում որքան շատ՝ այնքան շատ իշխանություն, այնքան շատ ծրագրերի իրականացում:
Հետևաբար՝ օրվա ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, և մեր քաղաքական համակարգը պետք է դրան սովորի: Եվ Հայաստանում պետք է ընտրությունների միջոցով մի 15-20 տարի իշխանություն փոխվի, որ նոր ամեն ինչ ընկնի իր իրական, դասական հունի մեջ:
«Ազատություն»․ - Մի քանի օրից տեղի ունենալիք առաջին նիստում խորհրդարանի դուք Մանե Թանդիլյանի թեկնածությունն եք առաջադրելու փոխխոսնակի պաշտոնում:
Մարուքյան․ - Այո, Մանե Թանդիլյանի թեկնածության մասին արդեն հայտարարել ենք, և էդտեղ, կարծում եմ, էլ անակնկալ չկա, և հույս ունենք, որ տիկին Թանդիլյանը կընտրվի, և նա իրապես կարող է լինել լավ փոխխոսնակ:
«Ազատություն»․ - Այդ հույսը ինչո՞վ է պայմանավորված, քաղաքագիտորեն ավելի տրամաբանական չէ՞, որ մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժին պիտի Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի աթոռը բաժին հասնի՝ «Բարգավաճ Հայաստան»-ին նկատի ունեմ:
Մարուքյան․ - Էդ տրամաբանությունը դրվել է Հանրապետական օրոք, դա քաղաքագիտական տրամաբանություն չի և եղել է ներկուլիսային պայմանավորվածությունների տրամաբանություն․․․
«Ազատություն»․ - Ինչո՞ւ քաղաքագիտական չէ՝ ավելի շատ ձայներ իրենք ունեն, ժողովուրդը ավելի մեծ վստահություն իրենց է տվել:
Մարուքյան․ - Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը ընտրվում է փոխխոսնակ, և գնդակը քաղաքական մեծամասնության դաշտում է՝ իրե՛նք են ընտրողները և իրե՛նք գիտեն՝ թեկնածուներից որը կարող է լինել լավ փոխխոսնակ: Այսինքն՝ էստեղ անձի դերը կարևոր է, որովհետև կադրերը կարևոր են, ոչ թե, ասենք, կոնկրետ եթե անպայման էս ուժից է, ուրեմն՝ էս ուժից: Եվ, վերջին հաշվով, մենք էլ ենք բողոքել էն ժամանակ էդ նույն Դոնթի բանաձևից: Եվ մի բան էլ ասեմ, որ ի՞նչ պարտադիր է, օրինակ, որ իշխանությունը իր ունեցած բոլոր փոխխոսնակների տեղերը ինքը իր կողմից նշանակի: Եթե էդքան մեծ ցանկություն ունեն, որ «Բարգավաճ Հայաստան»-ից փոխխոսնակ ունենան, կարող են մի փոխխոսնակ ընտրել ԲՀԿ-ից, մի փոխխոսնակ ընտրել «Լուսավոր Հայաստան»-ից և իշխանությունը կիսվել և բաշխել ուժերի միջև և դրանով նաև ցույց տալ, որ Հայաստանում էնպես չի, որ 88-հոգանոց մեծ խմբակցությունով է միայն, այլ իշխանությունը, իր քաղաքական մշակույթն է զիջումներով․․․
«Ազատություն»․ - Չէ, իրենք չեն ուզում, ԲՀԿ-ն է ուզում ինքը ունենալ այդ աթոռը:
Մարուքյան․ - Թող ունենա, երեք փոխխոսնակ է՝ թող մեկն էլ ԲՀԿ-ից լինի:
«Ազատություն»․ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ սկզբունքով պիտի «Իմ քայլը» դաշինքը առաջնորդվի:
Մարուքյան․ - Ես եթե իրենց տեղը լինեի, ես երկու ուժերից էլ մեկական փոխխոսնակ կընտրեի: Եթե դա հնարավոր չէ, ապա անպայման ձայնը կտայի, օրինակ, տիկին Թանդիլյանին, որովհետև կա աշխատանքի փորձ, գիտենք, թե պատգամավորական գործունեության փորձ կա կուտակված, նաև՝ գործադիր իշխանության, և, բնականաբար, մենք պետք է ունենանք ներկայանալի խորհրդարանի ղեկավարություն, և փոխխոսնակի գործը էդ գործն է, որ պետք է կառավարի, լինի բոլորի փոխխոսնակը, բոլորի հետ աշխատի և կարողանա բոլորի ձայները հնչելի դարձնել:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)՝ 26, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․