Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը


Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և աշխարհասփյուռ ողջ հայ ժողովուրդը նշում է տարվա հինգ տաղավար՝ գլխավոր տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ՝ օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով, որը հնչում է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի շուրթերից 301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր:

2019 թվականի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության պատարագն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը մատուցեց մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, քանի որ Մայր Աթոռի Սուրբ տաճարն Էջմիածնում հիմնանորգվում է։

Ի թիվս հազարավոր հավատացյալների պատարագին ներկա էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այլ պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:


Դիմելով Սուրբ Ծննդյան պատարագի մասնակիցներին՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նշեց. - «Նախանձախնդիր մնանք նվիրականությանն ու ամրությանը ընտանիքի: Անխաթար պահպանենք աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամենք ու բարձրացնենք մեր հոգևոր ու ազգային կյանքը և մնանք մշտապես Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ: Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Իր ամենախնամ հոգածության և սիրո մեջ պահի մեր ժողովրդին և պարգևի ուժ ու զորություն՝ կերտելու նոր օրը իր կյանքի և մնալու օրհնյալ, նվիրյալ ընտանիքը Քրիստոսի` հավատարիմ սրտով միշտ փառաբանելու. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:

Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնակատարություններն, ըստ եկեղեցական ավանդույթի, սկսվում են հունվարի 5-երեկոյան եկեղեցում մատուցվող Ճրագալույցի պատարագով, որի ավարտին էլ առաջին անգամ հնչում է Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետիսը:

Տարեկան ընդամենը երկու անգամ է տեղի ունենում Ճրագալույցի պատարագը՝ Հիսուսի Սուրբ Ծննդյան և Հիսուսի Սուրբ Հարության տոների նախօրեին:

Ճրագալույցի պատարագից հետո հավատացյալներն իրենց հետ եկեղեցուց լույս են տանում՝ վառվող մոմեր և ճրագներ՝ այսպիսով պահպանելով Աստծո լույսը տուն տանելու հազարամյակներից եկող ավանդույթը:

Ավանդական է նաև Ճրագալույցի պատարագից հետո տանը տոնական սեղանին չամչով փլավ, ձուկ, կանաչեղեն և կարմիր գինի վայելելը:

Ըստ եկեղեցական տոնացույցի, բոլոր տաղավար տոներից առաջ պահքի շրջան է, և ուրեմն Սուրբ Ծննդյան տոնից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 30-ից սկսվել էր պահքը, որը և բացվում է հենց հունվարի 5-երեկոյան՝ Ճրագալույցի պատարագից անմիջապես հետո:

Նախկինում ամանորյա տոնական սեղաններին միայն պահքի ուտելիքներ են մատուցվել, բայց պատկերն, իհարկե, վերջին հարյուրամյակում ամբողջովին փոխվել է:

Հիսուսի Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, տեղի է ունենում նաև Ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը: Այս օրը մարդիկ եկեղեցուց օրհնված ջուր են տուն տանում:

Ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնը նոր հույսեր է արթնացնում, մարդիկ մտովի, հոգեպես ցանկանում են վերափոխվել, թե որքանով է հաջողվում, դժվար է ասել, բայց Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոները մեր հայրենակիցների համար միշտ էլ խանդավառության լավ առիթ են հանդիսանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG