Միացյալ Նահանգները Սիրիայից զորքը դուրս կբերի այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից, կիրակի օրը Իսրայելում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնն ընդգծել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Վաշինգտոնի հետ:
Տարեվերջին Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2 հազար ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան:
Դոնալդ Թրամփի անակնկալ որոշումը քննադատությունների ալիք բարձրացրեց ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ թիմակիցների շրջանում, ովքեր ԱՄՆ-ի նախագահին մեղադրում էին Սիրիայի քրդերին լքելու մեջ, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջազգային կոալիցիային ահաբեկչության դեմ պայքարում և այժմ մնացել են միայնակ՝ Թուրքիայի սպառնալիների թիրախում:
Անկարան պնդում է, որ քրդերի ներկայությունն այդ տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգությանը: