Մատչելիության հղումներ

Պռոշյան փողոցում հրդեհի հետևանքով զոհեր, տուժածներ չկան


Երևանի Պռոշյան փողոցի երեք տների բնակիչները Նոր տարին դիմավորեցին հրդեհով:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 3-ի լուսադեմին՝ 06:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացել, որ հրդեհ է տներից մեկի տանիքում: Հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ է ժամանել Պռոշյան 1-ին նրբանցք․ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:12-ին:

Մարդկային զոհեր, վնասվածներ, բարեբախտաբար, չկան:

Հրդեհից ամենաշատը տուժել է երկու անչափահաս երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքը: Մայրը՝ Լիլիթ Թամազյանն «Ազատությանը» պատմեց, որ հրդեհի պահին քնած են եղել, արթնացել են հարևանի ճիչերից․ - «Դուռը բացեցինք, տեսանք, որ տանիքը ամբողջությամբ այրվում ա: Երեխաներին քնից հանեցի ու հանեցի դուրս»:

Լիլիթ Թամազյանի կարծիքով, հրդեհի պատճառը հին հոսանքալերն են եղել․ - «Տարիներ շարունակ էլեկտրոցանցին անընդհատ դիմել ենք: Մի քանի օր առաջ մի լար կտրվել, ընկել էր մեր լվացքի պարանի վրա, ես քաշում էի պարանը, զգացի, որ տոկը խփեց․․․ Բոլոր լարերը անմխիթար վիճակում են․․․ Էս դեպքը թող վերջինը լինի»:

Մեր այցելության պահին էլեկտրական ցանցերի ներկայացուցիչն էր աշխատում տարածքում: «Ազատության» դիտարկմանը, թե բնակիչները պնդում են, որ տարիներ շարունակ հոսանքի լարերի անմխիթար վիճակի մասին ահազանգել են, տեղամասի էլեկտրիկ Սամսոն Սաֆարյանն ասաց, թե տանիքի ներսի համար իրենք պատասխանատու չեն:

Հրդեհից տուժել են նաև հարևան տները: Ինչպես երիտասարդ ընտանիքը, այնպես էլ նրանց հարևաններ Լաուրա Կարապետյանն ու Հասմիկ Համբարձումյանը այս տոնական օրերին հարազատների տներում են ապաստանել:

Բնակիչները պատմեցին, որ երեկ Կենտրոն համայնքի թաղապետն է այցելել իրենց, կացարան է առաջարկել, խոստացել է հրդեհի հետևանքները պարզելուց հետո օգնություն ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG