«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ազատազրկման դատապարտված ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է տեղեկատվություն հացադուլ հայտարարած բլոգերի առողջական ծանր վիճակի և նրան առաջադրված նոր կեղծ մեղադրանքի մասին:
Աղբյուրի փոխանցմամբ, միջազգային կառույցները Գուտերեշին կոչ են արել քայլեր ձեռնարկել Մեհման Հուսեյնովի պաշտպանության ուղղությամբ:
2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին դեկտեմբերի 26-ին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծի ենթարկելու հոդվածով: Ի նշան բողոքի` Հուսեյնովը հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ կորցրել է գիտակցությունը: Նախօրեին Բաքվում Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ ձերբակալվել են: