Ավարտված տարում Վլադիմիր Պուտինը չորրորդ, և հավանաբար վերջին անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ:
Տարվա ընթացքում Ռուսաստանը անցել են բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի:
2018-ին Ռուսաստանում առաջին անգամ անցկացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և երկրի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հասել էր մինչև քառորդ եզրափակիչ:
Ռուսաստանի Դաշնությունն անցած տարվա ընթացքում է՛լ ավելի մեկուսացվել քաղաքակիրթ աշխարհից՝ Արևմուտքի կողմից սահմանվել են նոր, կոշտ պատժամիջոցներ:
Տարեվերջին՝ 2018-ի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ մեկ դոլարը Մոսկվայում վաճառվում էր 70 ռուբլուց ավելի գնով (2017-ի վերջին՝ 57,5 ռուբլի):
2018-ի հունվարին Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին, երբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն թույլ չտվեցին առաջադրվել նախագահական ընտրություններում:
Մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթեց Վլադիմիր Պուտինը՝ ստանալով քվեների 76,7 տոկոսը: Փորձագետների կանխատեսմամբ՝ հաջորդ նախագահական ընտրություններին արդեն 72-ամյա Պուտինը, ով ըստ Սահմանադրության, իրավունք չի ունենա առաջադրվելու, սակայն, կգտնվի մի մեխանիզմ, որը թույլ կտա նրան իր ձեռքում պահել իշխանությունը:
Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում թունավորվել էին ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը: Բրիտանական ոստիկանությունը հայտարարեց, որ Սկրիպալներին թունավորել էին «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, և հանցագործության հետևում կանգնած է Ռուսաստանը: Ի աջակցություն Միացյալ Թագավարության՝ Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ:
Հուլիսին Ռուսաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքներում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլային այս տոնի ժամանակ իշխանությունները որոշեցին բարձրացնել կենսաթոշակային տարիքը․ այսուհետ ռուսաստանցի տղամարդիկ թոշակի են անցնելու 65 տարեկանից հետո (60-ի փոխարեն), իսկ կանայք՝ 60 տարեկանից (նախկինում 55-ի փոխարեն):
Կենսաթոշային ռեֆորմը հարուցեց բազմահազարանոց բողոքի ակցիաներ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Ու թեև Վլադիմիր Պուտինը ստիպված եղավ հատուկ ուղերձով պարզաբանել նման ռեֆորմի անհրաժեշտությունը, նրա վարկանիշը կտրուկ զգալի ապրեց՝ շուրջ 10 տոկոսով:
Հուլիսին Հելսինկիում տեղի ունեցավ Վլադիմի Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Ու չնայած երկուստեք հայտարարվել էր, թե հանդիպումն արդյունավետ է անցել, դրանից երեք շաբաթ հետո Միացյալ Նահանգները նոր, կոշտ պատժամիջոցներ սահմանեց Սկրիպալների թունավորման գործի շրջանակում:
2018-ին է՛լ ավելի սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները: Նոյեմբերի 25-ին ռուսաստանյան հատուկ ուժերը Ազովի ծովում կրակ բացեցին ուկրաինական երեք ռազմանավերի վրա: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալեցին այդ նավերի անձնակազմի անդամներին: Արևմուտքը խստորեն դատապարտեց միջադեպը՝ պահանջելով վերադարձնել ուկրաինական նավերն ու ազատ արձակել նավաստիներին: Ռուսաստանն այդ պահանջը չկատարեց: