Մատչելիության հղումներ

Աշխարհը դիմավորում է Նոր տարին


Մարդիկ ամբողջ աշխարհում հրավառություններով և ուրախ տրամադրությամբ դիմավորում են նոր՝ 2019 թվականը։ Ինչպես միշտ՝ Ամանորը առաջինը դիմավորել է ընդամենը 110,000 բնակչություն ունեցող խաղաղօվկիանոսյան Կիրիբատի պետությունը։

Ավստրալիայի խոշորագույն քաղաքի՝ Սիդնեյի ծովածոցում ավելի քան 1 միլիոն մարդ ականատես է եղել երկրի պատմության մեջ ամենամեծ հրավառությանը։

Հոնկոնգի Վիկտորիա ծովածոցի երկու կողմերում ևս աննախադեպ հրավառություն է տեղի ունեցել, որն ավելի քան 10 րոպե է շարունակվել։

Չինաստանում Նոր տարին շուքով են դիմավորել, թեև այստեղ ընդունված է Ամանորը ավելի մեծ շուքով նշել փետրվարին՝ չինական լուսնային Նոր տարվա օրը։

Ինդոնեզիայում տոնական միջոցառումները և մայրաքաղաք Ջակարտայում նախատեսված հրավառությունը չեղյալ են հայտարարվել ի նշան դեկտեմբերի 22֊ին տեղի ունեցած ցունամիի ավելի քան 400 զոհերի նկատմամբ հարգանքի։

Նոր տարին առաջինը դիմավորող երկրների շարքում է նաև Ռուսաստանը, որի հսկայական տարածքը բաժանված է 11 ժամային գոտու։ Այստեղ 2019֊ի մեկնարկը առաջինը նշել են Հեռավոր արևելքում։ Իսկ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամանորյա ուղերձում կարևորել է Ռուսաստանի ինքնաբավության բարձրացումը՝ մի ձևակերպում, որը Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում ռուս պաշտոնյաների կողմից։

Ռաս ալ֊Խաիմա էմիրությունում կազմակերպված հսկայածավալ ամանորյա հրավառությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Դեկտեմբերի 31֊ին՝ կեսգիշերից րոպեներ առաջ, բոցավառվել է 4.6 կիլոմետր երկարությամբ հրթիռների շղթան՝ ջախջախելով 2014 թվականին Կալիֆորնիայում սահմանված Գինեսի ռեկորդը «հրավառության ամենաերկար շղթայի» համար։ Երկրորդ ռեկորդը սահմանվել է արդեն կեսգիշերից հետո՝ հունվարի 1֊ին, «ամենաերկար ուղղագիծ հրավառության համար», որը ներառել է անօդաչու թռչող սարքերով կազմակերպված լուսային շոու։ Աննախադեպ հրավառությանը նախորդել են երկարատև նախապատրաստական աշխատանքներ Ալ Մարջան կղզու ողջ ափամերձ հատվածում։ Կազմակերպիչների խոսքով, հրավառությունը կազմակերպելու համար պահանջվել է 300 ժամ, իսկ լուսային շոուն կառավարելու համար պահանջվել է 41,000 տող համակարգչային ծրագրային կոդ։

Նյու Յորքում ևս հազարավոր մարդիկ են հավաքվել՝ չնայած հորդառատ անձրևին:

Գունագեղ միջոցառման կազմակերպիչներն այս տարի որոշել են մեծարել խոսքի ազատության պաշտպաններին՝ ի պատիվ 2018֊ին սպանված ու բռնության ենթարկված տասնյակ լրագրողների:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ևս հրավառությունն ուղեկցվել է հատուկ կարգախոսով։ «Լոնդոնը բաց է». ֊ յոթ տարբեր լեզուներով կրկնել է քաղաքապետ Սադիք Խանը, ընդգծելով՝ Եվրամիությունից դուրս գալու շեմին՝ Բրեքզիթի ճանապարհին կանգնած Լոնդոնը մնում է բաց եվրոպացիների և աշխարհի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG