Հայաստանյան ինտերնետային և բջջային կապի ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Յուքոմը», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) մեղադրում է «կողմնակալ վերաբերմունք» դրսևորելու և մրցակից «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը «հարմարեցված» որոշումներ կայացնելու մեջ։
Այս տարվա դեկտեմբերի 12֊ին ՀԾԿՀ֊ն մրցույթ է հայտարարել 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար, որն օգտագործվում է LTE+ ցանց ստեղծելու համար։ Ընդ որում, «Յուքոմի» պնդմամբ, Հանձնաժողովը այս հաճախությունների օգտագործման թույլատվություն տրամադրելու համար մեկնարկային գինը սահմանել է 1,5 մլրդ ՀՀ դրամ՝ քառակի անգամ ավելի էժան, քան նույն տիպի LTE+ ցանց ստեղծելու համար դեռ 2013 թվականին «Յուքոմին» տրամադրված թույլտվության արժեքն էր՝ 6,225 մլրդ ՀՀ դրամ։
Այսօր տարածած հաղորդագրությունում, պնդելով, որ ՀԾԿՀ֊ն պարտավոր էր նույն պայմանները սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, «Յուքոմը» նաև մատնանշում է, որ իրենց ունեցած տեղեկություններով «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում արդեն իսկ LTE+ ցանց է կառուցել՝ «ըստ երևույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա»։
Թեև օրը աշխատանքային չէր, «Ազատությանը» փորձեց կապ հաստատել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, սակայն դա մեզ չհաջողվեց։
«ՄՏՍ֊Հայաստան» ընկերությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ կծանոթանան հրապարակմանը և անհրաժեշտության դեպքում կարձագանքեն։
Նշենք, որ տարածած հաղորդագրության մեջ «Յուքոմ» ընկերությունը «անընդունելի» է որակել թույլտվության համար ավելի ցածր գնի սահմանումը, կարծիք հայտնելով, որ այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով։