Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ներկա և նախկին ղեկավարների։
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Պուտինը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի ղեկավարներին ուղղված շնորհավորանքում Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության ավանդույթների, մշակութային և հոգևոր ընդհանրությունների վրա և համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, «ինչը ամբողջովին բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից և ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով»։
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ արձանագրելով, որ 2018 թվականը բավականին արդյունավետ էր ռուս֊ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։
«Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Մոսկվայում, Սոչիում և Բաքվում անցկացված բովանդակային և կառուցողական բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկկողմ համաձյանությունների իրականացումը կնպաստի Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Ի դեպ՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նաև տարբեր պետությունների մի շարք նախկին ղեկավարների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ալմազբեկ Ատամբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սիլվիո Բերլուզկոնիին, Ջորջ Բուշ կրտսերին, Ռոմանո Պրոդիին, Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Ֆիյոնին, Տարյա Հալոնենին, Խուան Կարլոս I-ին և Գերհարդ Շրյոդերին։