Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ 2019-ը, ինչպես և 2018-ը, լինելու է հաղթանակների տարի՝ շատ ավելի մեծ և ռազմավարական


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Հիմնական հարցը, որ ծագում է 2018-2019 սահմանագծին՝ հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք անել այն, ինչի մասին խոսում ենք: Այս հարցն, իհարկե, ունի մեկ պատասխան, այն դրական է, բայց այդ պատասխանին զուգահեռ գոյություն ունեն պայմաններ: Այո, կարող ենք, եթե մենք կարողանանք հավատալ մեր ուժին, իսկ որպեսզի կարողանանք հավատալ մեր ուժին՝ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հավատալ մեր առաքելությանը: Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը, որովհետև այն ձևակերպված է մեր ժողովրդի անցյալի և ապագայի նկատմամբ ունեցած հավատի և վստահության վրա», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Այդ առաքելությունը ձևակերպված է այն ընկալման վրա, որ չի կարող ժողովուրդը, որն անցել է հազարամյա աղետների միջով, պարտվել, որովհետև եթե այն լիներ պարտվող ժողովուրդ, ապա այդ պարտությունը վաղուց հասած պիտի լիներ: Հետևաբար, հայ ժողովուրդը հաղթող է և հայ ժողովուրդը 2018 թվականին դա ապացուցեց»:

«Մենք պետք է հասկանանք, որ բոլոր այն խնդիրները, առաջադրանքները, որոնք ձևակերպում ենք՝ մեզ առաջադրում է մեր ժողովուրդը: Դրանք բոլորը լուծելի են, և մենք պարտավոր ենք լուծել այդ խնդիրները այն հենքի վրա, որ բոլորս պետք է արձանագրենք և հասկանանք՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է այստեղ և այստեղ [ուղեղում և սրտում]: Եթե մենք կարողանանք հետևել այս բանաձևին՝ միանշանակ մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծենք», - ընդգծել է կառավարության ղեկավարը և հավելել․ - «Եվ անցած 8 ամիսներն ապացուցել են, որ ունենք բավարար կամք, բավարար հետևողականություն, բավարար ուժ, ժողովրդական բավարար աջակցություն և բավարար հետևողականություն այդ խնդիրները լուծելու համար»:

«Ես ցանկանում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և ուզում եմ շնորհավորել համատեղ աշխատանքի համար: Ճիշտ է, չեմ կարող ասել, որ մենք արել ենք այն ամենը, ինչ կցանկանայինք արդեն հասցրած լինել, բայց ես նաև չեմ կարող չասել, որ այդ ընթացքում մենք արել ենք ամենակարևորը՝ ապացուցել ենք, որ ի վիճակի ենք լուծել մեր առջև դրված խնդիրները, անկախ նրանից, թե այդ խնդիրների լուծումը ում որքան է հավանական թվում», - ասել է Փաշինյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս 2018 և 2019 թվականների կապակցությամբ: Համոզված եմ, որ ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ, շատ ավելի ընդգրկուն և շատ ավելի ռազմավարական հաղթանակներ», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Սարգսյան․ «Մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են»

Նախագահ Արմեն Սարգսյանը, իր հերթին, ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր Հայաատանի ու հայ ժողովրդի համար. - «Այն պատմական տարի է տարբեր իմաստներով: Եթե մտածենք, թե հային ինչպես են բնութագրում և՛ Հայաստանում, և՛ դրսում, կարձանագրենք, որ հիշում են աշխատասեր, ազնիվ մարդու կերպարը: Ազգ, որն առաջին քրիստոնյան է եղել, որը 20-րդ դարի առաջին մեծ ողբերգությունն է կրել՝ Մեծ Եղեռնը: Բայց նաև հիշելու ենք, որ 2018 թվականին մեր ժողովուրդը հսկայական փոփոխություններ արեց, որոնք կարելի է գնահատել և՛ որպես թավշյա հեղափոխություն, և՛ որպես հեղափոխություն հայկական ձևով»:

«Արտերկրում հանդիպել եմ մարդկանց, ովքեր կատարվածը գնահատում են որպես հայկական հրաշք: Որովհետև 21-րդ դարի այս ժամանակաշրջանում նմանատիպ կերպով այսպիսի փոփոխություններ անելն իրականում հրաշքի նման է, քանի որ աշխարհը շատ ավելի դինամիկ է ու անկանխատեսելի, ինչ-որ տեղ նաև՝ ավելի կոշտ ու կարծր: Եվ հայկական փոքր հրաշքն իր տեղն է ունենալու մեր ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ, միաժամանակ, «մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են». - «Մեզնից սպասելու են նոր հեղափոխություններ՝ տնտեսական, մշակութային, գուցե նոր, փոքր հրաշքներ: Իհարկե, նմանատիպ հրաշքներ սպասելու է նաև ողջ ժողովուրդը»:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռացող Ազգային ժողովին, պարոն Բաբլոյան, Ձեզ առանձնապես, կառավարության բոլոր անդամներին: Եվ, իհարկե, ուզում եմ առիթն օգտագործել շնորհավորելու պարոն վարչապետ, Ձեզ և Ձեր գործընկերներին՝ խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ տանելու առթիվ: Ուզում եմ շնորհավորել պարոն Ծառուկյանին և պարոն Մարուքյանին և նրանց գործընկերներին՝ Ազգային ժողովում իրենց ներկայությունն ապահովելու համար», - ասել է Արմեն Սարգսյանը:

«Իսկ 2019 թվականը սկսվելու է ոչ միայն նոր խորհրդարանով, նոր կառավարությունով, այլև, վստահ եմ, նոր մոտեցումներով: Եվ առաջիններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն առաջին անգամ երկար տարիներից հետո ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Սա կարևորում եմ, որովհետև հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը: Վստահ եմ, որ հենց առաջին օրերից և՛ Ազգային ժողովի բոլոր անդամները, և՛ կառավարությունը մի րոպե իսկ ազատ ժամանակ չեն ունենա: Այդ առիթով բոլորին ուզում եմ նորից շնորհավորել, քանի որ այդ մեկ րոպե անգամ ազատ ժամանակ չունենալը նշանակում է 24 ժամ ծառայել ժողովրդին ու պետությանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Եվս մեկ անգամ բոլորին շնորհավորելով 2018 թվականը պատմական տարի դարձնելու համար՝ նախագահը ասել է. - «Ուզում եմ մաղթել, որ 2019 թվականը և՛ Հայաստանի համար, և՛ միջազգային առումով կրկին լինի հայկական տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG