Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հայտարարությունը, թե Երևանի Պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացված ուսումնասիրությունների ընթացքում 800 միլիոն դրամի վնաս է հայտնաբերվել, անհեթեթություն է, ուրբաթ ուշ երեկոյան հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դեկտեմբերի 28-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ նրա, ուղարկվել են դատախազություն։ Սիմոնյանը պնդում է՝ գործընթացը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտմամբ, ծառայությունից իրավունք չունեին հրապարակել փաստաթուղթը առանց ԵՊՀ-ից կարծիք ստանալու:
«Նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ: Միայն վարչապետը իրավունք ունի՝ ստուգման արդյունքները իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն: Մինչդեռ այս պարոնը, որը ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չնախատեսված՝ վարչապետի գործառույթներ», - հայտարարեց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով․ - «Այո, բացառում եմ, ոչ միայն 800 միլիոնը՝ 500 միլիոնն էլ եմ բացառում»:
«Ես նորից եմ կրկնում, շեշտում եմ, որ Երևանի Պետական համալսարանը չի իրականացրել մի գործարք՝ շինարարություն, գնում, որևէ մի ծառայության ձեռքբերում, որոնք իրականացված չլինեն, և ֆինանսները հենց այնպես փոխանցված լինեն հասցեատիրոջը», - պնդեց Արամ Սիմոնյանը:
Երկու ամիսների ընթացքում ստուգվել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի ֆինանսական գործունեություն: Սիմոնյանը հայտնեց, որ իրավական գնահատականի պահանջով դատի են տալու Պետական վերահսկողական ծառայությանը՝ բուհի բարի համբավը վերականգնելու նպատակով։
Ռեկտորը չի բացառում, որ տեղի ունեցածի մեջ կա քաղաքական բաղադրիչ․ - «Հանրապետական կուսակցության անդամ եմ 97 թվականի սկզբից՝ բավականին երկար ժամանակ, և կարող է դա էլ է իր դերը խաղացել: Եվ միտումը ո՞րն է՝ դժվարանում եմ անել, իմ ենթադրությունն այն է, որ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ»:
«Ազատություն»-ը Արամ Սիմոնյանին հիշեցրեց՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց իր հրաժարականի պահանջ դրվեց, և հետաքրքրվեց՝ այս նոր գործընթացը կարո՞ղ է նման պահանջի նոր ալիք բարձրացնել, և կա՞ այնպիսի սցենար, որի դեպքում ռեկտորը պատրաստ է հրաժարական տալ:
«Ես հրաժարական չեմ տա, որովհետև հիմա սա, գիտե՞ք ինչ, արդեն այստեղ հեղինակության խնդիր է՝ համալսարանի, նրա ղեկավարության, անձամբ իմ, և ես գնալու եմ մինչև վերջ: Այս պայքարի մեջ ներքաշել են ինձ իրենք և իրենք էլ պիտի պատասխան տան այն հետևանքների մասին, որոնք կլինեն», - հարցին արձագանքեց ԵՊՀ ռեկտորը՝ ուսանողների աջակցության մասին հարցին էլ պատասխանելով․ - «Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների աջակցություն, դասախոսների գերակշռող մասի աջակցությունը, ես կարծում եմ, որ ունեմ: Վերջին հաշվով՝ ես ընտրված ռեկտոր եմ, բազմիցս դրա մասին խոսել եմ, և մինչև 20 թվականի մայիսը ես ընտրված եմ որպես Երևանի Պետական համալսարանի ռեկտոր և պետք է իրականացնեմ իմ գործունեությունը: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ՝ այն դեպքում, երբ որ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները պատշաճ մակարդակով»:
«Ես կարծում եմ, որ զղջալու են սրա համար»
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, «Ազատության» հետ հեռախոսազրույցում արձագանքելով Արամ Սիմոնյանին հնչեցրած մեղադրանքներին, նշեց, որ ԵՊՀ-ում ընտրել են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» ռազմավարությունը, և հրատապ ասուլիսի միակ իմաստը, ըստ Դավիթ Սանասարյանի, իրենց քաղաքական հալածյալ հռչակելն էր։
«Հանրությանը մոլորության մեջ են գցում: Ես կարծում եմ, որ զղջալու են սրա համար, և մենք մանրամասն մեր ասուլիսի ժամանակ անպայման կներկայացնենք, անպայման ներկայացնելու ենք, և հանրության համար պարզ է դառնալու, թե ինչի մասին է իրականում խոսքը: Էն գնահատականները, որ մենք փորձ չունենք, պարզապես ծիծաղելի է», - հայտարարեց Սանասարյանը:
Քաղաքական հետապնդման վերաբերյալ Արամ Սիմոնյանի ենթադրության առնչությամբ ՊՎԾ ղեկավարը ասաց․ - «Էսօրվա շտապ ասուլիսի նպատակը, ես կարծում եմ, դրա մասին էր, որ աղաղակեն, որ իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվում: Ես բացառում եմ նման բան, չի կարող լինել, մենք մեր գործունեությունը ծավալում ենք բացառապես օրենքի հղում տալով, բացառապես օրինականությունը հաստատելու, ուղղակի հասկանալու, թե որքան է պետությանը պատճառած վնասը, և դա ներկայացնելու ենք իրավապահ մարմիներին: Մենք մեր տեղեկանքում գրված կետերի համար պատասխանատու ենք»:
Ինչ վերաբերում է առանձին կետերի, փաստաթղթում առկա հավանական խախտումների մասին ԵՊՀ ռեկտորի հայտարարություններին, Դավիթ Սանասարյանը խստացավ դրանց ավելի մանրամասն անդրադառնալ առաջիկա ասուլիսի ժամանակ: