Մատչելիության հղումներ

Ճանապարհը փակելով իրավական հարցին լուծում չենք կարող տալ․ Տրանսպորտի և կապի նախարար


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարներին չվճարած աշխատավարձի հարցը մայրուղին փակելով չի լուծվի:

«Ճանապարհը փակելով այս իրավական հարցին չենք կարողանալու լուծում տալ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ խնդիրը շուտ հանգուցալուծվի՝ և՛ խորհրդատվական ֆունկցիա կատարելով, և՛ փորձելով, որ կոնֆլիկտը լուծվի ճիշտ ձևի: Այսինքն, պետության վրա ճնշում գործադրելով որևէ կերպ հնարավոր չէ էդ պրոցեսը արագացնել», - ասաց Արշակյանը:

Հյուիս-հարավ ճանապարհի շինարարները երեկ փակել էին Երևան - Թալին մայրուղին՝ պահանջելով իրենց մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը: Ցուցարարներից շատերը պնդում էին, որ չորս ամիս աշխատավարձ չեն ստացել: Նրանց բողոքն ուղղված էր նաև կառավարությանը: Սպառնում էին ճանապարհը փակել անգամ տոնական օրերին՝ եթե կառավարությունը խնդրին լուծում չտա:

Հակոբ Արշակյանը, ամեն դեպքում, խոստանում է իր լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել․ - «Պատկերացնում ենք, թե ինչ մասշտաբի է խնդիրը և կփորձենք մեր ունեցած լծակներով ազդել խնդրի լուծման վրա: Այնուամենայնիվ, նորից ուզում եմ ասել, որ իրավական մեխանիզմներ այս պահին արագ լուծելու մենք չունենք, և մեր պետության կողմից եղած պարտավորությունները մենք ժամանակին կատարել ենք՝ կատարողականների հիման վրա»:

Նախարարը երեկ հանդիպել է ենթակապալառու ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկացնելու, որ ճանապարհը կառուցող գլխավոր կապալառուի՝ իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հանդեպ վճարումների հետ կապված պարտավարությունները կատարել է․ - «Նախ կուզենայի մենք հստակ ներկայացնենք, թե ինչ մոդելով և ինչպիսի մեխանիզմներով է վճարումները իրականացվում և աշխատանքի ընթացքը ինչպես է ընդհանրապես լինում պայմանագրերի հիման վրա: «Կորսան» ընկերությունը հանդիսանում է տրանշ-2-ում գլխավոր կապալառուն, այսինքն՝ այն ընկերությունը, որը մրցույթով հաղթել է և իրականացնում է շինարարությունը: Այսպիսով կատարողականների հիման վրա «Սաֆեժ» ընկերությունը, որը վերահսկում է աշխատանքների ընթացքը և կատարողականները հաստատում, որոնց հիման վրա պետությունը վճարումներ է կատարում: Այսինքն, վերջին ամիսների ընթացքում այդ կատարողականների հիման վրա, պայմանագրի տառին համապատասխան, պետությունը վճարումներ է իրականացնում «Կորսան» ընկերությանը: «Կորսան» ընկերությունը իր հերթին ենթակապալառու ընկերությունների է վարձում, և արդեն էստեղ բիզնեսը բիզնեսի հետ, պայմանագրերի հիման վրա իրականացվում են աշխատանքներ, որտեղ և ծագել է խնդիրը: Այսինքն, պետության պարտավորությունները, մեծ հաշվով, պատշաճ ձևով իրականացվել են, խնդիրը առաջացել է «Կորսանի» և իր ենթակապալառու ընկերությունների միջև»:

Ենթակապալառու ընկերություններից մեկի ղեկավարը չձայնագրվելու պայմանով, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գլխավոր կապալառուն չորս ամիս է չի կատարել պարտավորությունը և գումար չի փոխանցել: Իր ընկերությունը ի վիճակի չի եղել վճարել վերջին ամսվա աշխատավարձը, իսկ դրանից առաջ վճարում իրականացրել է վարկով:

Ըստ մեր զրուցակցի, «Կորսան» -ից որևէ ներկայացուցչի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ վճարումների ուշացումների նորություն չեն իրենց համար:

Նախարար Արշակյանն ասաց, որ պաշտոնական գրություն են ուղարկել գլխավոր կապալառուին, բայց դեռ չեն արձագանքել․ - «Կապ հաստատել ենք, օֆիցիալ գրությունով գրել ենք, հորդորել ենք, որպեսզի իրենց պարտավորությունները կատարեն, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ ի վերջո այդ վարձավճարները»:

Երեկ ճանապարհը փակած ցուցարարներից Սահակ Մարտիրոսյանն ասաց՝ որոշել այս օրերին բողոքի ակցիարներ չանել և սպասել կառավարության քայլերին․ - «Եթե ոչ, մենք նորից կսկսենք մեր ամեն ինչը՝ ճանապարհ փակելը, բողոք Կառավարության շենքի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG