Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացել և հրաժարվել պատգամավորի իր մանդատից։

Այս մասին «Ազատությանն» ասաց մարզպետը, ով Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։

Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան իր ասուլիսում ասել էր, որ իր պատգամավոր լինել-չլինելու մասին սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը, բայց ինքն անձամբ կցանկանար լինել ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմնում։

«Դա որոշում է քաղաքական թիմը և վարչապետը, ոնց կորոշեն էնտեղ էլ ես կլինեմ։ Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը և ցանկությունները, բայց դա կարա չհամընկնի։ Ես ցանկություն ունեմ մնալու որպես մարզպետ, որովհետև շատ քիչ եմ պաշտոնավարել և ուզում եմ ինչ-որ արդյունքների հասնեմ նոր, որովհետև այդ արագ փոփոխությունները էդքան էլ լավ չի ոչ մեկիս համար», - ընդգծեց Լոռու մարզպետը։։

Անդրեյ Ղուկասյանը նշեց, թե «սա ենթադրում է, որ կշարունակի պաշտոնավարել որպես մարզպետ»։

Լոռու մարզպետը, անվարտվող տարին ամփոփելով, վստահեցնում է, թե մարզի բոլոր ոլորտներում է փոփոխություններ եղել են․ - «Հեղափոխությունից հետո էս ամիսների ընթացքում, հավատացեք, որ բավականին բոլոր կառույցներում էլ մեծ-մեծ փոփոխություններ է տեղի ունեցել։ Մեր կառույցի առումով ասեմ, որ և՛ աշխատելաոճի, և՛ քաղաքացիների հետ շփման, և՛ կադրային բավականին փոփոխություններ են եղել, և դա էլի ընթացող պրոցես է», - ասաց Ղուկասյանը։

Մարզի ղեկավարը համոզված է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո կրճատումներ կլինեն նաև Լոռու մարզում։

Անդրեյ Ղուկասյանը շեշտում է, որ նախ փոխմարզպետ, ապա որպես մարզպետ եղած ամիսներին համոզվել է, որ թե՛ մարզպետարանում, և թե՛ մարզպետարանի ենթակայության հիմնարկներում կան բազմաթիվ անարդյունավետ աշխատատեղեր ու նաև մարդիկ, ովքեր չեն համապատասխանում այսօրվա պահանջներին․ - «Մարդիկ կան, որոնք որ երկար տարիներ աշխատել են հին ոճով և չեն պատրաստվում փոփոխությունների ենթարկվել։ Էդ մարդիկ մեր հետ չեն կարող աշխատել։ Պետք է գան մարդիկ, որոնք որ կարող են, խելացի են, գիտակ են, մոտիվացված են և էս ամեն ինչի մեջ տեղավորվում են։ Իսկ էն մարդիկ, որոնք որ լճացած են և աշխատել են ավելի քիչ, վաստակել են ավելի շատ գումար, հիմա փոփոխության հետևանքով մարզպետն ասում է՝ պետք է աշխատեք ավելի շատ և որևէ կոռուպցիայի մեջ չեք լինելու, ստանալու եք միայն աշխատավարձը ձեր։ Էդ մարդիկ, բնական է, լավ չեն վերաբերում փոփոխություններին և համարում են, որ հեղափոխությունը դեռ Լոռու մարզ չի հասել»։

Հարցին, թե արդյոք չի վախենում կրճատումներից հետո հնարավոր սոցիալական դժգոհությունից, Լոռու մարզպետը պատասխանեց, թե մարզպետարանը շարունակելու է պարտավորություն ունենալ այդ անձանց աշխատանքով ապահովելու հարցում և ձեռքերն ամենևին չի լվալու։

«Պարզապես, եղած միջոցներն առավել արդյունավետ ծախսելու իշխանությունների գործելաոճը դա է պահանջում», - նշեց Անդրեյ Ղուկասյանը։ - «Էն ժամանակ սկզբունքը այլ է եղել: Փորձել են ուռճացնել էդ համակարգը և էդ համակարգով վերարտադրել իրենք իրենց, հիմա դրա խնդիրը չկա։ Հիմա հակառակը՝ պետք է մենք մեր գումարները, հարկատուների վճարած գումարները ծախսենք ավելի նպատակային։ Բնականաբար, հաճույք չենք ստանում, որ ինչ-որ մեկը դառնում է գործազուրկ, բայց պետք է գնալ դրան՝ հաշվի առնելով, որ էդ գումարները պետք է նպատակային ծախսվեն և չմսխվեն»։

Անցնող տարվա ամենակարևորը ձեռքբերումը, ըստ Լոռու մարզպետի, մարզում կոռուպցիայի նվազեցումն է. - «Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որ մարզպետարանում կոռուպցիան ձգտում է զրոյի, և մարզպետը կոռումպացված չի: Եվ դրանից հետո գալիս է մնացած փոփոխությունները։ Էդ շատ-շատ կարևոր փոփոխություն է: Չխոսենք նախկիններից, բայց դա եղել է շատ-շատ մեծ չափերի, որ դուք էլ չեք պատկերացնում, և բնականաբար, էդ ամենամեծ ձեռքբերումներից է։ Ե՛վ մթնոլորտը մարզպետարանի, և՛ աշխատելաոճը լրիվ այլ է մեր ենթակայության տակ գտնվող կառույցներում նույնպես»։

Մարզի ղեկավարը շեշտում է, որ հաջորդ տարի իր պլանների շեշտադրումը լինելու է աշխատատեղերի ստեղծումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG