Մատչելիության հղումներ

Հրատարակչական ոլորտում «ամենակարևոր բացը գրախանութներն են»


«Զանգակ» հրատարակչությունը արդեն 20 տարուց ի վեր Հայաստանի գրահրատարակչական ոլորտի առաջատարներից է: Հինգ ամիս առաջ Աբովյան 7 հասցեում «Զանգակը» մի նոր գրատուն բացեց, որը շատ արագ վերածվեց աշխույժ մշակութային կենտրոնի, որտեղ պարբերաբար գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, գրողների հետ հանդիպումներ են տեղի ունենում:

Այսօր գրատանը «Զանգակ» հրատարակչությունն գրողների և ընթերցողների հետ ամանորյա հանդիպում էր կազմակերպել՝ ամփոփելու թե՛ գրատան, թե՛ գրահրատարակչության գործունեությունը անցնող 2018 թվականին:

«Ազատության» հետ զրույցում հրատարակչության տնօրեն Էմին Մկրտյանը շեշտեց․ - «Մեր հյուրերն են հրատարակիչները: Մենք ցանկանում ենք մատնանշել մի քանի հաջողություն և մի քանի ցուցանիշ, որ վստահ ենք, հրատարակիչներին օգտակար կլինի 2019-ին իրենց գործունեությունը ծավալելիս հաշվի առնել: Հրավիրել ենք անհատ հեղինակների: Ցանկանում ենք բոլորին ողջունել, ամփոփել այս հինգ ամիսները, մաղթել նորանոր ստեղծագործական հաջողություններ, խաղաղ տարի»:

Անդրադառնալով ոլորտի հրատապ խնդիրներին՝ Մկրտչյանն ասաց․ - «Հրատարակչական ոլորտում դեռևս ամենակարևոր բացը գրախանութներն են: Այս տարի բացվեց երեք նոր գրատուն՝ «Բուկինիստ» ընկերությունը բացեց, «Զանգակը» և «Էպիգրաֆը», սակայն դեռևս գրախանութների բացը ակնհայտ է մեզ համար, հատկապես մարզերում»:

Գրող Գուրգեն Խանջյան․ - «Առհասարական գրական աշխուժություն կա: Կորիզը որ կա․․․ երիտասարդական ենք ասում, բայց էդ տղերքը մի քիչ մեծացել են: Կորիզը որ կա, պինդ ա: Առաջ ասում էի վաղվա գրականության, հիմա կասեմ՝ արդեն էսօրվա գրականության, որոնք թույլ չեն տա, որ փչանա գրականությունը, հեռանա ընթերցողից»:

Հարցին, թե որն է գրականության ոլորտում ամենալուրջ խնդիրը, Խանջյանն արձագանքեց․ - «Ամենալուրջ հիմնախնդիրը լավ գրելն ա, գրականության համար գրելն ա: Ոչ թե կոմերցիայի ու շահի, ոչ թե ձևի հետևից ընկնելը, այլ լրջորեն․․․ Տենց մարդիկ քիչ են լինում: Գրողի խնդիրը գրականությունն ա․ եթե գրականության միջով ընկնի շահի հետևից, հաստատ գրականությունն ա տուժելու, և իր խիղճն էլ ա տուժելու: Պիտի ամեն գրող իր համար որոշի՝ ինչի՞ համար ա անում, ի՞նչ ա անում․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG