Մատչելիության հղումներ

Ադրբեջանում օտարերկրյա հատուկ ծառայությունների լրտեսական ցանց է բացահայտվել


Ադրբեջան - Տեսարան Բաքվից, արխիվ
Ադրբեջան - Տեսարան Բաքվից, արխիվ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ լրտեսական լայն ցանց են բացահայատել, ձերբակալվել են հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Խորը քողարկված լրտեսական ցանցը ստեղծվել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներսում:

Հաղորդագրությունում նշված է, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել ու չեզոքացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների լրտեսական ցանց, որը մի քանի տարվա ընթացքում լրտեսական բազմափուլային գործունեություն է իրականացրել Ադրբեջանում:

Այդ ցանցի գործակալները ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին հավաքագրելու նպատակով գաղտնի հանդիպումներ են կազմակերպել հարևան երկրների տարածքում և ստեղծել կապի ուղիներ: Բացահայտվել են անհատների կեղծանունները, որոնք օգտագործվել են դրսի հատուկ ծառայությունների գործակալների լրտեսական աշխատանքի համար:

Ադրբեջանի ՊԱԾ-ի հաղորդագրությունում ձերբակալված երկու մարդու անուն է նշված: Ձերբակալվածներից մեկը Զաքիր Ալիբալաօղլի Իսմաիլովն է, ծնված 1959 թվականին: Նա նախկին ազգային անվտանգության նախարարությունում բաժնի պետ է աշխատել, զբաղեցրել պատասխանատու այլ պաշտոններ: Ըստ հաղորդագրության, արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից նա հավաքագրվել է գաղտնի համագործակցության համար և նյութական պարգևատրումներ ստանալով՝ կատարել Ադրբեջանի ազգային շահերին ու պետական անվտանգությանը վնասող գործողություններ: Նա կանոնավոր կերպով, դրսի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայողական նյութեր Ադրբեջանի հակահետախուզական ոլորտի գործունեության մասին, տեղեկատվություն պետական անվտանգության մարմինների անձնակազմի աշխատակիցների մասին և այլ գաղտնի տեղեկատվություն:

Նույնիսկ 2015-ին թոշակի անցնելուց հետո, Իսմաիլովը, օգտագործելով իր նախկին կապերը, տեղեկատվություն է ձեռք բերել Ադրբեջանի անվտանգության մարմինների փոփոխությունների մասին ու արտասահման փոխանցել, ինչպես նաև հետախուզական աշխատանքի մեթոդներ է առաջարկել ադրբեջանական հատուկ ծառայությունների դեմ գործելու նպատակով: Ձերբակալաած Իսմաիլովին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել:

Մյուս ձերբակալվածը նույնպես նախկին ազգային անվտանգության նախարարության աշխատակից է՝ Յուսուֆզադե Յաշարօղլին, ծնված 1977 թվականին:

Հետաքննությունը պարզել է, որ անվտանգության մարմիներից պահեստի անցնելուց հետո, նա արտասահմանում հանդիպել է դրսի հատուկ ծառայությունների գործակալների հետ: Նա հավաքագրվել է ու նյութական պարգևատրումների դիմաց սկսել է աշխատել արտասահմանյան հետախուզության համար: Յուսուֆզադե Յաշարօղլին հանձնարարություն էր ստացել վերականգնվել աշխատանքի Ադրբեջանի պետական անվտանգության մարմիններում, սակայն աշխատանքի վերականգնվելու փորձերի ընթացքում նա բացահայտվել է ու ձերբակալվել: Նրան ևս պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ նշված հանցավոր գործողություններին առնչվող այլ անձինք ևս պատասխանատվության են ենթարկվել, սակայն ուրիշ անուններ չի նշում: Օպերատիվ-քննչական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարարությունը լուծարվել էր 2015 թվականին, աղմկահարույց պաշտոնանկություններից, հրաժարականներից ու ձերբակալություններից հետո: Փոխարենը ստեղծվել էին պետական անվտանգության ծառայություն և արտաքին հակահետախուզական ծառայություն:

Ձերբակալվածները, ում անունները նշված են պաշտոնական հաղորդագրությունում, նախկին ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ են:

Նշենք, որ չի բացահայտվել, թե նրանք որ երկրների օգտին են աշխատել: Ոչ մի երկրի, դրսի հատուկ ծառայության ոչ մի անվանում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը իր հաղորդագրությունում չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG