Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշման համաձայն՝ Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 10.01 դրամ/կՎտժ-ով:
ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, քննարկելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը, հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Նշված հարցը նախապես քննարկելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է համակարգում ձևավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, հաղորդում է ՀԾԿՀ-ը:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից: