Մատչելիության հղումներ

Գարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից


Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահականը խորհրդարանի ութ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիս:

Գարո Փայլանից բացի, անձեռնմխելիությունը կորցնելու վտանգ է սպառնում Ժողովրդադեմոկրատական կուսակցության ևս հինգ պատգամավորի: Այդ ցուցակում ընդգրկված են նաև մեկական պատգամավոր իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցություններից: Միջնորդությունը ներկայացվել է խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:

Փայլանի կուսակցությունը հայտնվել է նաև թուրք ազգայնականների թիրախում: Հայտնի ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի «Հայրենիք» կուսակցությունը նախօրեին արդեն երրորդ անգամ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով փակել Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը:

Ազգայնականները ԺԴԿ-ին մեղադրում են անջատողականության, երկրի անկախությունն ու ամբողջականությունը վտանգող գործողությունների մեջ:

Գարո Փայլանը Halk TV-ի եթերում, պատասխանելով այս մեղադրանքներին, նշել է, որ Փերինչեքը փորձում է բևեռացնել ժողովուրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG